- Գլխավոր
- Նորություններ
- ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 03, 2022 | 16:56
Կրթություն
Գիտություն
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում կազմակերպվեց «Marcel Proust… ce souvenir, l’instant ancient…» («Մարսել Պրուստ․ այս հուշը, նախկին պահը…») խորագրով կոնֆերանս, որի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին Մարսել Պրուստի ստեղծագործություններն ու դրանց վերլուծությունները:
Ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանն արձանագրեց, որ կոնֆերանսը ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի կարևոր նախաձեռնությունն է, որի շրջանակում հյուրընկալվել են Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Նատալի Մորիակ Դայորին և Սորբոնի համալսարանի դասախոս, կոնֆերանսի համակարգող Քրիստոֆ Պրադոյին։
Կոնֆերանսը նպատակ ուներ ֆրանսիական գրականությունը նորովի ներկայացնելու համալսարանի ուսանողներին, ինչպես նաև լսելու, հաղորդակցվելու ֆրանսիացիների հետ և ծանոթանալու գիտական այն արժեքներին, որոնք ներառում է ֆրանսիական գրականությունը։
ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Գայանե Սարգսյանը, կարևորելով այսօրինակ կոնֆերանսների կազմակերպումը, ընգծեց, որ ուսանողները շփվելով լեզվակիրների հետ, որոնք նաև գիտնականներ և մտավորականներ են, ընդլայնում են իրենց մտահորիզոնն ու աշխարհայացքը, ամրապնդում մասնագիտական գիտելիքները։ Նա հավելեց, որ ֆրանսիացի վիպասան, ակնարկագիր և քննադատ, մոդեռնիզմի ներկայացուցիչ Մարսել Պրուստը 19-րդ դարի համաշխարհային գրականության այն ներկայացուցիչներից է, որին և որի ստեղծագործություններին ուսանողները պետք է քաջածանոթ լինեն։
Աիդա Գառնիկյանը, որը կոնֆերանսի կազմակերպիչներից է Փարիզից, համագործակցում է ֆրանսիական տարբեր համալսարանների ներկայացուցիչների հետ՝ օգնելու ֆրանսիախոս ուսանողներին ֆրանսիական լեզուն ու գրականությունը ուսումնասիրելու հարցում։
Մեզ հետ զրույցում Ա․ Գառնիկյանն ասաց, որ այսօրինակ կոնֆերանսներ կազմակերպում է դեռևս 2010 թվականից՝ հրավիրելով լավագույն մասնագետների։
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Միլենա Մինասյանը մշտապես մասնակցում է ֆակուլտետի կազմակերպած գիտաժողովներին։ Նա փաստեց, որ այսպիսի փոխգործակցությունների շնորհիվ ուսանողները կարողանում են առավել հեշտությամբ շփվել օտարերկրացի դասախոսների ու գիտնականների հետ, ավելի սիրել լեզուն և գրականությունը։
Զեկույցներից հետո ծավալվեց քննարկում, հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով։
Նշենք, որ կոնֆերանսը անցկացվեց ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, «Ֆրանսիական գրականության օրեր» ասոցիացիայի և «Ազնավուր» հիմնադրամի համագործակցության շրջանակում: