- Գլխավոր
- Նորություններ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Մայիս 26, 2022 | 21:13
Կրթություն
Ուսանողական
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Այսօր ԵՊՀ եվրոպական հետազոտությունների կենտրոնում կայացավ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ բանավեճի մասնագիտական ակումբի առաջնության եզրափակիչ փուլը, որի ընթացքում մրցեցին «Silent Killers» և «За СССР» թիմերը: Ժյուրիի գնահատականների արդյունքում բանավեճի մասնագիտական ակումբի առաջնության մեծ գավաթը նվաճեց «Silent Killers» թիմը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կենսունակ չեն» թեմայով բանավեճի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում էին քաղ. գիտ. թեկն. Ալեքսանդր Սարգսյանը, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Աշոտ Կարապետյանը, դոցենտ Էդգար Քալանթարյանը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պատմության ընթացքում ՈԻԽ-ի գիտակրթական հանձնաժողովի պատասխանատուի գլխավորությամբ առաջին անգամ ստեղծված բանավեճի մասնագիտական ակումբի նպատակն է բացահայտել տաղանդավոր հռետորներին և քննադատական մտածողությամբ, վերլուծական միտք ունեցող ուսանողներին, նրանց մեջ ամրապնդել մասնագիտական, հաղորդակցման և բանակցային հմտությունները, խոսքի և վարվեցողության էթիկան՝ առաջնորդվելով գրագետ քաղաքական գործչի արժանիքներով:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈԻԽ գիտակրթական հանձնաժողովի պատասխանատու Աննա Դարբինյանը, խոսելով իր նախաձեռնությամբ մասնագիտական բանավեճեր կազմակերպելու կարևորությունից, ընդգծեց. «Մասնագիտական ակումբի մեկնարկը տրվել է այս տարի, և լիահույս ենք, որ այն կկրի շարունակական բնույթ: Կարելի է ասել, որ մեր ֆակուլտետի համար այսպիսի բանավեճեր կազմակերպելը կենսական պահանջ է, որովհետև մեր ֆակուլտետում են սովորում այն ուսանողները, որոնք հետագայում պետք է բանավիճեն տարբեր հարթակներում իբրև մասնագետներ»:
Կարևորելով ֆակուլտետում բանավեճերի կազմակերպումը՝ ժյուրիի անդամ Էդգար Քալանթարյանը նշեց. «Լավ դիվանագետների, ինչպես նաև կառավարման ոլորտի ապագա ներկայացուցիչների համար այսպիսի քննարկումները բավականին ողջունելի են: Թիմերի երկու ներկայացուցիչներն էլ արտահայտեցին այնպիսի մտքեր, որոնց կարելի էր և՛ համաձայնել, և՛ ոչ, բայց կարևորն այն է, որ նրանք ներկայացան բանավեճի կանոններին համապատասխան, և զգացվում էր մասնակիցների մեծ ոգևորությունը»:
Հաղթող թիմի անդամ Կառլեն Վարդանյանը, խոսելով իրենց հաղթանակից, ասաց. «Ինձ համար պարտավորեցնող էր ներկայանալ որպես ֆակուլտետի մասնագիտական ակումբի առաջնության եզրափակիչ փուլ հասած թիմի անդամ: Բոլոր խաղերից առաջ էլ ունենում ենք նույն տրամադրվածությունը, և կարծում եմ՝ բոլոր թիմերն էլ խաղից առաջ միշտ սպասում են իրենց հաղթանակին։ Մենք ևս բացառություն չենք այդ հարցում ու շատ ուրախ ենք, որ մեր սպասելիքներն արդարացան»:
Շարունակելով թիմակցի խոսքը՝ Մայիս Խուդավերդյանը նշեց. «Ցանկացած խաղից առաջ միշտ ունեցել ենք մտավախություն, քանի որ այնպես էր ստացվում, որ մի դիրքորոշմանը մշտապես ավելի լավ էինք պատրաստվում, քան մյուսին: Զարմանալին այն է, որ վիճակահանությամբ մենք միշտ բանավիճում ենք այն դիրքից, որին նախապես պատրաստված չենք լինում, և եզրափակիչ խաղը նույնպես բացառություն չեղավ»:
Բանավեճի ավարտին երկու թիմի անդամները պարգևատրվեցին պատվոգրերով ու մասնագիտական գրքերով: