- Գլխավոր
- Նորություններ
- ««ԱՍՏՂԱԹԱՓՆ» ԻՄ, ՔՈ, ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԵՆ, ՈՐՈՆՔ ՄԻ ՕՐ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԵՆ». ԱՄԱԼՅԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հոկտեմբեր 17, 2019 | 14:53
Հասարակություն
««ԱՍՏՂԱԹԱՓՆ» ԻՄ, ՔՈ, ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԵՆ, ՈՐՈՆՔ ՄԻ ՕՐ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԵՆ». ԱՄԱԼՅԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի ասպիրանտ, լեզվաբան, գրականագետ, գրող Ամալյա Սողոմոնյանի հետ զրուցել ենք ժամանակակից գրողների, առաջին գրքի և գրական գործունեության մասին:
Գրքի ու դրան նախորդող առաջին քայլերի մասին
Բավականին երկար ժամանակ է, ինչ հոդվածներս տպագրվում են թերթերում՝ «TV ալիք», «Գրեթերթ», «Անդին», «Գարուն», «Մշակութային հրապարակ», բայց գիրք գրելու մտադրություն չունեի:
Նույնիսկ ինչ-որ տարօրինակ, բացասական վերաբերմունք ունեի «ժամանակակից» գրողների նկատմամբ:
Ինձ միշտ թվացել է, որ գիրք գրելու համար պետք է շատ կենսափորձ և պատկառելի տարիք ունենալ, երբ արդեն հասել ես կյանքիդ այն փուլին, որը քեզ թույլ է տալիս գիրք գրելու մասին մտածել:
Հետո հասկացա, որ երիտասարդ տարիքում նույնպես կարող ես գրել և ասելիք ունենալ:
Տարօրինակ փուլի մասին
Մի տարօրինակ շրջան էր սկսվել իմ կյանքում, երբ ես այլևս չէի կարողանում գրել: Մտածում էի, թե ինչ է պետք ինձ՝ նորից գրելու համար:
Այդ ժամանակ հասկացա, որ այն ամենը, ինչ գրել եմ այս ընթացքում, պետք է ամփոփել մի գրքում և «ազատվել» կյանքի այդ փուլից:
Գրքում սիրային էտյուդներ են: Չկա սյուժե, չկան հերոսներ, միայն ապրումներ են:
Հորինված ու իրական հերոսների մասին
Ապրումների ու խոհերի ետևում մարդիկ են թաքնված: Հորինված ու իրական հերոսներ են, որոնց մասին տարիներ շարունակ գրել եմ, ու երևի ժամանակն էր գրքի տեսքով այն մարդկանց դատին հանձնելու ու անցնելու ավելի «լուրջ» թեմաների արծածման:
Միանշանակ գրքում նաև իմ փորձառությունը կա՝ գրում եմ այն մասին, ինչ զգացել եմ: Չեմ կարող նկարագրել այն համը, որը չեմ զգացել:
Բայց կա նաև երկրորդ՝ կերպարներ հորինելու տարբերակը:
Մեկ-մեկ հարցնում են՝ ո՞վ է էտյուդի այս տղան: Իրականում այդ տղան երևակայական է կամ իմ երևակայության արդյունքը:
Բայց ասում են՝ եթե լավ ես երևակայում, մի օր իրականություն է դառնում:
Կան նաև հերոսներ, որոնք ապրել են իմ կողքին, և ես ուղղակի ցանկացել եմ գրել նրանց ու նրանց զգացածի մասին:
Գիրքն իմ նվերն է ինձ՝ ծննդյանս օրվա առթիվ:
Ի՞նչ է «Աստղաթափը»
«Աստղաթափն» իմ, քո, մեր բոլորի երազանքներն են, որոնք մի օր կատարվելու են:
Բոլորս ժամանակի կարիք ունենք, սպասել սովորելու, հավատալու:
Աստղերը միշտ երկնքից «ընկնում են» մեզ համար, ուղղակի պետք է ճիշտ ժամանակին ճիշտ երազանքներ պահել ու դրանք անպայման կատարվելու են:
20 տարվա ընթերցողի և ընթերցողների մասին
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում: Վայրի ընտրությունը նույնպես պատահական չէր, քանի որ 20 տարի է՝ այս գրադարանի ընթերցողն եմ:
Այն իմ ամենասիրելի գրադարանն է, այս գրադարանի հետ կապված շատ հիշողություններ ունեմ:
Կա գրքի շնորհանդեսի ընթացակարգ, որը, անկեղծ ասած, իմ սրտով չէ: Մարդիկ հավաքվում ու սկսում են խոսել հեղինակի ու գրքի մասին, որը նույնիսկ չեն կարդացել: Երբեմն մեջբերում են տողեր, որոնք հեղինակինը չեն:
Առհասարակ չեմ սիրում ցուցադրական, կաղապարված, արարողակարգային միջոցառումներ: Եվ ուրախ եմ, որ գրքիս շնորհանդեսին ներկա էին իմ ամենամտերիմ մարդիկ՝ ընկերներ, ընտանիքի անդամներ, բարեկամներ:
Շնորհանդեսի ժամանակ շատերը մաղթում էին, որ գիրքը վերջինը չլինի: Իրականում այս մաղթանքն այդքան էլ իմ սրտով չէ, քանի որ գիրքը չպետք է հեշտ ծնվի, այն պետք է լինի տարիների աշխատանք:
Իմ առաջին գիրքը կյանքիս 25 տարիների ամփոփումն է, ու չգիտեմ՝ հաջորդն ում կամ ինչի մասին կլինի կամ առհասարակ կլինի, թե ոչ:
Չեմ կարող ասել՝ արդյոք կփոխեմ գրական ժանրս, թե ոչ, միայն կարող եմ ասել, որ այս պահին էտյուդներ եմ գրում և վերջ: Առայժմ իմ ասելիքը կարողանում եմ այս ձևաչափում տեղավորել:
Ովքե՞ր են գրքեր գրում
Գրքեր գրում են մարդիկ, որոնք շատ են կարդում, և մարդիկ, որոնք տաղանդավոր են:
Մի դեպքում հեղինակի ասելիքը ձևավորվում է շատ կարդալու արդյունքում և երբեմն կարող է նմանվել արդեն իսկ հայտնի հեղինակների մտքերին:
Մյուս դեպքում կա տաղանդ, բայց տեխնիկայի բացակայություն:
Իմ դեպքում, երևի, երկուսի միախառնուրդն է: Ես չեմ կարող զերծ մնալ ազդեցություններից, քանի որ Արտասահմանյան գրականության ամբիոնում եմ և անընդհատ ստիպված եմ կարդալ, բայց իմ էտյուդներում չեք գտնի որևէ հեղինակից վերցված տող, քանի որ այն ինձ համար անընդունելի է, բայց զգացական առումով հնարավոր չէ խուսափել ազդեցություններից:
Անի Պողոսյան