- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ
Մարտ 01, 2023 | 19:22
Կրթություն
Հասարակություն
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Երևանի քաղաքապետարանի տարեկան միջոցառումների պլանին համապատասխան կազմակերպված միջոցառման նպատակն էր ճգնաժամային իրավիճակներում ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
Ուսումնական վարժանքին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և այլք:
Միջոցառման ընթացքում գործարկվել է ԵՊՀ շչակը, ԵՊՀ նորաստեղծ ուսանողական փրկարարական ջոկատի անդամները ներկայացրել են հակառակորդի հարձակման դեպքում հայտարարված օդային տագնապից հետո նախատեսվող պատսպարման գործողությունը, իսկ օդային տագնապի ավարտից հետո՝ հետախուզական, որոնողական, փրկարարական և առաջին բուժօգնության գործողությունները: Այնուհետև ժամանել են ՀՀ փրկարարական ծառայության ջոկատները՝ ցուցադրելով տարբեր իրավիճակներում կատարվող քայլերը:
Ուսումնավարժանքի կազմակերպման աշխատանքներում ներգրավվել են ԵՊՀ քաղաքացիական պաշտպանության ամբիոնը, ուսանողական փրկարարական ջոկատը, հակահրդեհային ծառայությունը, էներգետիկ համակարգի շահագործման բաժինը և ներքին անվտանգության ծառայությունը, ինչպես նաև Երևանի փրկարարական վարչությունը և փրկարարական բոլոր ստորաբաժանումները, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և այլն:
Նշենք, որ ԵՊՀ-ում պարբերաբար կազմակերպվում են նմանօրինակ ուսումնական վարժանքներ: Դրանք ԵՊՀ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի ուսումնական գործընթացի մի մասն են, որոնց նպատակն է ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդումը և կիրառական հմտությունների զարգացումը: