- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ 1-Ը
Հոկտեմբեր 02, 2019 | 16:56
Գիտություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ 1-Ը
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր մեկնարկել է Թարգմանության եվրասիական համաժողով 1-ը:
Համաժողովը կազմակերպել են Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնն ու Լեհաստանի Ժեշովի պետական համալսարանը:
Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը՝ նշելով, որ իր համար մեծագույն պատիվ է ներկաներին ողջունելը. «Նմանատիպ համաժողովները լավ առիթ են պարզելու, թե ինչպիսի ներուժ ունի համալսարանը, և փորձի փոխանակում կատարելու արտասահմանցի հյուրերի հետ»:
Ռուզան Ղազարյանն առանձնահատուկ շեշտեց, որ հայ ժողովուրդը միակն է ամբողջ աշխարհում, որ պաշտոնապես նշում է Սուրբ թարգմանչաց տոնը:
«Այն փաստը, որ հայ ժողովուրդը նշում է Սուրբ թարգմանչաց տոնը, վառ ապացույցն է, որ մեր ժողովուրդն առանձնահատուկ տեղ ու նշանակություն է տվել թարգմանիչների կատարած աշխատանքին՝ վերջիններիս նաև սրբերի շարքին դասելով»,- ասաց նա:
Այնուհետև ներկաներին ողջունեց Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը:
«Վստահ եմ, որ այս գիտաժողովը կարող է հետաքրքիր կամուրջ դառնալ գիտական տարբեր դպրոցների մերձեցման, ինչպես նաև փորձի փոխանակման իմաստով,- ասաց պարոն Բարսեղյանը,- գիտաժողովը երիցս ապացուցում է, որ ֆակուլտետում արթուն է գիտական պրպտուն միտքը, ինչպես նաև ստեղծագործական և կազմակերպչական ջիղը, որ միշտ եղել է, կա և կշարունակվի»:
Գևորգ Բարսեղյանը մասնակիցներին դրական լիցքեր և մասնագիտական կարողությունների բարելավում մաղթեց:
Գևորգ Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անվանափոխությունից հետո այս գիտաժողովն արդեն ֆակուլտետում անցկացվող թվով երկրորդն է, որն իր շուրջ է համախմբել աշխարհի տարբեր անկյուններից գիտական մտքի լուրջ ներկայացուցիչների, որոնք այս մի քանի օրվա ընթացքում, բաժանվելով չորս խմբերի, ներկայացնելու են զեկուցումներ լեզվական տարաբնույթ ոլորտների վերաբերյալ:
Ռուզան Ղազարյանն ավելացրեց, որ Թարգմանության եվրասիական համաժողով 1-ը շարունակական բնույթ է կրելու:
«Պետք է նշեմ, որ մեր գործընկեր Ժեշովի պետական համալսարանի հետ ԵՊՀ-ն ունի համագործակցության պայմանագիր,- ասաց ամբիոնի վարիչը,- և մեզ համար կարևոր է թարգմանաբանական ոլորտը գործնական դաշտ տեղափոխելը, այսինքն՝ հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են պետք կրթական դաշտում լավ թարգմանիչներ պատրաստելու համար»:
Ըստ Ռուզան Ղազարյանի՝ համաժողովի հիմնական նպատակն է պարզել, թե ինչ կարող է համաժողովն առաջարկել թարգմանաբանական ոլորտին. «Պետք է նշեմ, որ պատահական չէ նաև այն, որ մենք որոշեցինք մեր համաժողովի մասնակիցը դարձնել «Յուքոմ» ընկերությանը, քանի որ, մենք մտածեցինք, որ կարևոր է այս ոլորտը ևս ներգրավել, ինչի շնորհիվ կարելի է ավելի արդյունավետ աշխատել, ինչպես նաև նոր մասնագիտություններ ստեղծել»:
Ռուզան Ղազարյանը շեշտեց, որ նմանօրինակ նորարարական մոտեցում դեռևս լեզվաբանական որևէ համաժողովի ընթացքում չի եղել:
Անի Պողոսյան