- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
Ապրիլ 21, 2022 | 17:49
Կրթություն
Մշակույթ
ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
Ֆակուլտետի ՈՒԽ-ն կազմակերպել էր Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում՝ նպատակ ունենալով ուսանողներին մանրամասն ներկայացնելու ազգային-եկեղեցական տոնը, ծիսական ուտեստներն ու արարողակարգը:
Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, որը հնչեց երկու լեզվով՝ գրաբարով և հին հունարենով: Այնուհետև միջոցառման կազմակերպիչները ներկայացրին տոնի խորհուրդն ու բովանդակությունը: Միջոցառման կազմակերպիչների թվում էր նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Ս. Ավետյանը:
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ողջունեց ուսանողներին, շնորհակալություն հայտնեց նման տոնակատարություն կազմակերպելու համար. «Այս տեսակ միջոցառումները պետք է շարունակական լինեն, քանի որ ուսանողները ներգրավվում են ազգային-եկեղեցական տոներին»:
Կրոնի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ Վարդան Խաչատրյանը ներկայացրեց տոնի ազգագրական խաղերի տեսակները և նրանց կատարման ձևերը, որից հետո ներկաների համար կազմակերպվեցին խաղեր:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Լուսէ» համույթը, ապա Հայ առաքելական եկեղեցու սարկավագները շարականներ երգեցին, և նրանց ձայնակցեցին ֆակուլտետի ուսանողները:
Ուսանողները ներկայացրին զատկական սեղանը, որից հետո հավաստագիր տրվեց «Լուսէ» համույթին` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հետ ակտիվ համագործակցության համար:
Հանդիպումն ավարտվեց ծիսական ուտեստների հյուրասիրությամբ: