- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՍՏՈՒԳԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 26, 2022 | 16:51
Կրթություն
Գիտություն
ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՍՏՈՒԳԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում քննաշրջան է, և իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի՝ անգլերենի 1-ին խմբի դասախոս Մարգարիտա Ապրեսյանի նախաձեռնությամբ անցկացվել է նորարար լուծումներով ստուգարք՝ բեմականացված մամուլի ասուլիս։
Քանի որ անգլերեն առարկայի շրջանակում ապագա իրավաբանները ուսումնասիրում են Մեծ Բրիտանիայի իրավական համակարգը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարգարիտա Ապրեսյանը որոշել է դա կիրառել գործնականում՝ ուսանողների՝ անգլերենի իմացությունը ստուգելով յուրահատուկ տարբերակով։ «Սա ուսանողների համար հրաշալի հնարավորություն էր մեկտեղելու մասնագիտական գիտելիքները և անգլերենի բառապաշարը, բանավոր ու գրավոր հմտությունները»,- նշեց Մ․ Ապրեսյանը։
Անգլերենի խմբում 22 ուսանողներ են, որոնցից մեկը կերպավորել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, իսկ մնացյալ ուսանողները հանդես են եկել տարբեր երկրների լրատվամիջոցների անունից՝ տալով քաղաքական ու անձնական թեմաներով հարցեր։
Հարցուպատասխանից հետո թագուհուն կերպավորած Միլենա Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։
Միլենային սկզբում անսովոր է թվացել ստուգարքի՝ այսպիսի ձևով կազմակերպումը, սակայն հետո ոգևորությունը շատ է մեծացել։
«Ցանկանում եմ, որ այսպիսի նորարար լուծումներով հանդես գալու հնարավորություններ լինեն նաև այլ առարկաների շրջանակում։ Ես և իմ կուրսընկերները ստուգարքից մեծ բավականություն ստացանք։ Մթնոլորտը հիանալի էր, իսկ արդյունքը, կարծում եմ, գոհացնող էր»,- ասաց Միլենան։
Ստուգարքին ներկա էին նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը, պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ։
Դեկան Գ․ Ղազինյանը, կարևորելով այսօրինակ նորարարական մոտեցումները և բարձր գնահատելով ուսանողների պատրաստվածությունն ու դասախոսի նախաձեռնողականությունը, շեշտեց․ «Այս պարագայում ձևն արտահայտված ու ամրապնդված էր բովանդակությամբ։ Բեմականացված ստուգարքի շնորհիվ միտք առաջացավ ուսումնական պրոցեսում անգլերենով դատախաղեր ներդնելու, ինչը ևս կնպաստի ուսանողների մասնագիտական գիտելիքների հարստացմանն ու անգլերենի իմացության մակարդակի բարձրացմանը»։
Դեկանը հույս հայտնեց, որ սա օրինակելի կլինի այլ ֆակուլտետների ու դասախոսների համար դասապրոցեսում ու քննաշրջանում նորամուծություններ կատարելու տեսանկյունից, իսկ ուսանողները ձեռք բերած մասնագիտական կրթությունը և անձնային բարձր որակները կծառայեցնեն՝ ի շահ պետության և հասարակության։