- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Հուլիս 16, 2022 | 14:49
Կրթություն
Գիտություն
Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երևանի պետական համալսարանում մեկնարկած գիտաժողովին նախորդել էին առցանց եղանակով կազմակերպված երկու գիտաժողովներ՝ ի պաշտպանություն Արցախի մշակութային կոթողների: Հրավիրյալ քսանութ գիտնականներ Երևան են ժամանել Բելգիայից, Շվեյցարիայից և Գերմանիայից։
«Արցախի մշակութային ժառանգություն» խորագրով գիտաժողովի ընթացքում ներկայացվում են Արցախի պատմության, մշակույթի պաշտպանության, աստվածաբանության, եկեղեցական արվեստի և այլ թեմաների վերաբերյալ զեկուցումներ:
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պրոֆ․ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի օրհնության խոսքով ազդարարվեց գիտաժողովի մեկնարկը։ Իր խոսքում դեկանը վստահեցրեց, որ գիտաժողովն իր արդյունքը կտա և հաջողությամբ կպսակվի։
ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, կարևորելով գիտաժողովի կազմակերպումը գիտության ոլորտի զարգացման և մշակութային ժառանգության պահպանման տեսանկյունից, ընդգծեց․ «Կարծում եմ՝ մենք կարիք ունենք ձեռնարկելու որոշակի քայլեր՝ մեր անցյալը, ներկան և ապագան պաշտպանելու համար, հետևաբար կարևոր է ունենալ գիտելիք, կիսել այն ու փորձել լսելի դարձնել միջազգային հանրությանը»։
ԵՊՀ միջմշակութային կրոնագիտական կենտրոնի գիտաշխատող, ա․գ․դ․ Հարություն Հարությունյանը վստահաբար հայտնեց, որ 15-20 տարի անց այս հարցերը քննվելու են միջազգային դատարաններում։
«Մենք՝ իբրև գիտնականներ, պետք է պատրաստենք արխիվային փաստաթղթեր. այն, ինչ մենք անում ենք, փաստագրական աշխատանք է»,- իր խոսքում նշեց Հ․ Հարությունյանը:
Պրոֆեսոր, ա․գ․դ․ Մարտին Թամքեն սկսել է հետաքրքրվել Հայաստանով, հայագիտությամբ և հայ եկեղեցու պատմության ուսումնասիրությամբ դեռևս 20 տարի առաջ, իսկ այժմ փորձում է պայքարել հայկական հուշակոթողների ոչնչացման դեմ։
Մ․ Թամքեն, անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանման խնդրին, ընդգծեց․ «Ոչ միայն Հայաստանում, այլև Արևմուտքի երկրներում մենք պետք է ցույց տանք հանրությանը, թե ինչ է տեղի ունենում այսօր տարածաշրջանում։ Պետք է բարձրացվեն հարցեր, և այդ հարցերին պետք է տրվեն մասնագիտական պատասխաններ»։
Նշենք, որ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի և ԵՊՀ միջմշակութային կրոնագիտական կենտրոնի ջանքերով կազմակերպված գիտաժողովն անցկացվում է 2022 թ. հուլիսի 15-19-ը, որին մասնակցում են պատմաբաններ, ձեռագրագետներ, եկեղեցու պատմության մասնագետներ, աստվածաբաններ, հոգևորականներ, քաղաքագետներ։
Ներկայացված զեկուցումները հրատարակվելու են գիտական հոդվածների տեսքով (գերմաներենով և հայերենով):