- Գլխավոր
- Նորություններ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբեր 08, 2022 | 15:03
Կրթություն
Գիտություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ)» ծրագրի վերաբերյալ։
Հանդիպմանը Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հազեն և Բեռլինի ազատ համալսարանի միջազգային բաժնի ղեկավար Հերբերտ Գրիզհոփը ներկայացրին «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ)» ծրագրի առանձնահատկությունները, ընձեռած հնարավորություններն ու առավելությունները։
Կարևորելով Հայաստանի ներգրավվածությունը ծրագրում՝ բանախոսները նշեցին․ «ՄԽԿ-ն նպատակաուղղված է մասնակից երկրների և Գերմանիայի միջև առկա հարաբերությունների ամրապնդմանը, ժողովրդավարությանը, հանդուրժողականությանը և մշակութային բազմազանությանը վերաբերող գաղափարների խորացմանը»:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, շեշտելով այսօրինակ տեղեկատվական հանդիպումների անհրաժեշտությունն ու կարևորությունը ԵՊՀ ուսանողների համար, ընդգծեց, որ ծրագիրը հրաշալի հնարավորություն է ոչ միայն սեփական փորձով ծանոթանալու Բունդեսթագի գործունեությանն ու Գերմանիայի խորհրդարանական համակարգին, այլև խորացնելու լեզվական գիտելիքներն ու միջմշակութային կապերը։
Նշենք, որ ծրագրի հինգ ամիսների ընթացքում Բունդեսթագի անդամներից որևէ մեկի գրասենյակում գործունեություն ծավալելիս մասնակիցները ծանոթանում են գերմանական խորհրդարանական համակարգին և քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացին՝ ձեռք բերելով փորձ խորհրդարանական աշխատանքի ասպարեզում: Բացի դրանից՝ կրթաթոշակառուներն ամառային ուսումնական կիսամյակում ուսանելիս համարվում են Հումբոլդտի անվան համալսարանի ունկնդիրներ և հնարավորություն են ունենում մասնակցելու համալսարանի դասախոսություններին և ուսումնական միջոցառումներին:
Ծրագրի մանրամասները՝ այստեղ։