- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐՆ ԱՐԺԵ ԿՅԱՆՔՈՒՄ ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՈՒՆԵՆԱԼ. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Հոկտեմբեր 04, 2019 | 15:38
Հասարակություն
ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐՆ ԱՐԺԵ ԿՅԱՆՔՈՒՄ ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՈՒՆԵՆԱԼ. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Մարիոս Ռիթնինգեն Սալթվեդթը Հայաստան է եկել Նորվեգիայից: Նա և Ուզբեկստանից ժամանած Ջահոնգիռ Ալիմովը մասնակցել են ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի կազմակերպած մոլեկուլային մանրէաբանության և մանրէների էկոլոգիային նվիրված դասընթացներին:
Մարիոս Ռիթնինգենի խոսքով, Հայաստան կատարած ճամփորդությունն իր համար շատ հատկանշական էր, քանի որ նա հնարավորություն ստացավ այցելելու նախկինում իր համար անծանոթ երկիր:
«Ես պետք է խոստովանեմ, որ Հայաստանն այն երկիրը չէր, ուր կուզենայի արձակուրդներին այցելել, բայց հիմա շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել այստեղ գալու և նոր մարդկանց հետ ծանոթանալու»,- նշեց նա:
Մարիոս Ռիթնինգենը խոստովանում է, որ այս ճամփորդությունն ամբողոջությամբ փոխել է իր պատկերացումները Հայաստանի ու հայերի մասին:
«Պետք է նշեմ, որ Նորվեգիայում մարդիկ շատ ճշտապահ են: Մեր օրակարգը հստակ սահմանված է: Եթե մենք ասում ենք՝ ժամը 9-ին կհանդիպենք, ուրեմն հանդիպումը կլինի հենց 9-ին»,- ասաց նորվեգացի ուսանողը՝ ժպտալով ավելացնելով, որ Հայաստանում ժամանակն ավելի ճկուն է՝ ժամը 9-ը միշտ չէ, որ նշանակում է ուղիղ ժամը 9-ը:
Մարիոս Ռիթնինգենին Հայաստանում ամենաշատը դուր են եկել մարդիկ, որոնք շատ պատրաստակամ և բարի են. «Ինձ դուր է գալիս նաև Երևանը, որը հին ու նոր ճարտարապետության յուրօրինակ խառնուրդ է»:
Նորվեգացի ուսանողի համար բացահայտում էր իր հայրենակցի՝ հայտնի բևեռախույզ և գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական գործունեությունը:
«Նորվեգիայում մարդիկ ավելի շատ տեղյակ են նրա գիտական գործունեության մասին, իսկ Հայաստանում ես իմացա, թե Ֆ. Նանսենը նաև ինչպիսի մարդասիրական գործունեությամբ է զբաղվել և ինչքան հայերի է օգնել»,- ոգևորությամբ պատմեց նա:
Հայաստանում ստացած իր տպավորությունների մասին պատմեց նաև Ջահոնգիռ Ալիմովը, որի համար ամենամեծ մշակութային ցնցումը «Թավշյա հեղափոխության»-ը մասնակցելն էր. «Ես երկրորդ անգամ է, որ Հայաստան եմ այցելում: Առաջին անգամ, երբ Հայաստան եկա, օդանավակայանից մայրաքաղաք տանող ճանապարհը փակ էր: Սկզբից մենք մի քիչ վախեցանք, բայց մեզ ուղեկցող հայ պրոֆեսորն ասաց, որ պետք չէ վախենալ, քանի որ ցույցը խաղաղ է»:
Ջահոնգիռ Ալիմովի կարծիքով, Հայաստանում ապրող մարդիկ միշտ պատրաստ են դիմացինին օգնության ձեռք մեկնելու:
«Լաբորատորիայում, որտեղ ես հիմա աշխատում եմ, շրջապատված եմ բարի մարդկանցով, որոնք ինձ շատ են օգնում, ինչը ես բարձր եմ գնահատում»,- ասաց Ջահոնգիռ Ալիմովը:
Խոսելով Երևանի մասին՝ վերջինս առանձնացրեց քաղաքի մարդաշատությունը. «Ինձ դուր է գալիս, որ այստեղ ամեն քայլափոխի տեսնում ես զբոսնող մարդկանց, նույնիսկ երբ արդեն շատ ուշ է, բացի դրանից՝ քաղաքը հարուստ է տեսարժան վայրերով, օրինակ՝ Կասկադն ու Հանրապետության հրապարակը»:
Ուզբեկ ուսանողը շատ տպավորված է նաև դուդուկով. «Անտարբեր չեմ կարողանում անցնել դուդուկի հնչյունների կողքով: Շատ եմ սիրում հայկական այդ ազգային գործիքը»:
Վերջում երկու ուսանողներն էլ նշեցին, որ Հայաստան այցելությունն այն փորձառությունն է, որն արժե կյանքում գոնե մեկ անգամ ունենալ:
Անի Պողոսյան