- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-Ն ՏԱԼԻՍ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՊԱՇԱՐ ՄՐՑՈՒՆԱԿ ՄԱՍՆԱԳԵՏ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոկտեմբեր 27, 2022 | 16:08
Կրթություն
Ուսանողական
«ԵՊՀ-Ն ՏԱԼԻՍ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՊԱՇԱՐ ՄՐՑՈՒՆԱԿ ՄԱՍՆԱԳԵՏ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող Անի Հակոբյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթություն է ստանում Իսպանիայի Բարսելոնա քաղաքում: Նրա հետ զրուցել ենք համալսարանի ընձեռած հնարավորությունների, արտերկրում կրթություն ստանալու և այլ հարցերի շուրջ:
Պատմում է Անին․․․
Իմ առաջնային նպատակը Երևանի պետական համալսարան ընդունվելն էր:
Կրթություն ստանալով ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում և խորապես ուսումնասիրելով մասնագիտությունս՝ իրապես հասկացա սպասարկման ոլորտի ու զբոսաշրջության կարևորությունը մեր երկրի համար: Մասնագիտական գիտելիքներս խորացնելու, ապագայում աշխատանքային լայն գործունեություն ծավալելու և նախագծեր կազմելու հարցում ինձ ոգեշնչում են դասախոսներս:
Համալսարանում ստացած գիտելիքներն ինձ էապես օգնել են արտասահմանում կրթություն ստանալիս:
Արտերկրում սովորելու միտքը ծագել է մասնագիտությունս ուսումնասիրելիս և ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության միջազգային գիտաժողովներին մասնակցելիս: Սկսեցի հետազոտել համալսարանի, մասնավորապես աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի փոխգործակցություններն ու փոխանակման ծրագրերը: Այժմ ոչ ֆորմալ կրթական ծրագրով՝ «Բիզնեսի ու դեստինացիաների կառավարում և մարքեթինգ» մասնագիտությամբ, շարունակում եմ ուսումս Բարսելոնայում: ԵՊՀ-ի տված կրթության շնորհիվ լավագույնս տիրապետում եմ մասնագիտական գիտելիքների և նոր տեղեկատվություն ստանալիս որևէ դժվարության չեմ հանդիպում:
ԵՊՀ-ի կրթական ծրագրերը չեն զիջում եվրոպական բուհերի կրթական ծրագրերին:
Վստահ կարող եմ ասել, որ Երևանի պետական համալսարանը տալիս է ոլորտում առաջատար մասնագետ լինելու համար գիտելիքների առավելագույն պաշար: ԵՊՀ-ում կրթություն ստանալով՝ ես, կարելի է ասել, սկսել եմ իմ սիրելի ոլորտում մասնագիտանալու ուղին, իսկ արտասահմանում ուսումնառությունն ինձ տվել է նոր հմտություններ: Իմ կարծիքով՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կրթությունը շարունակել արտերկրում, պետք է լինեն համառ և վճռական:
Երևանի պետական համալսարանն արտերկրում հավուր պատշաճի ներկայացնելը մեծ պատիվ է ինձ համար:
Եվրոպական երկրներում ու տարբեր ծրագրերում առիթ եմ ունեցել ներկայացնելու ԵՊՀ-ն, խոսելու ստացածս կրթության, մասնագիտական հմտությունների, տեսական ու գործնական գիտելիքների և փորձի փոխանակման մասին: Արտերկրում պետք է ճիշտ ներկայացնել նաև մեր երկիրն ու մշակույթը՝ դառնալով «մշակութային դեսպան»: Այժմ փորձում եմ ամրապնդել գիտելիքներս, որպեսզի վերադառնալուն պես զբոսաշրջության և սպասարկման ոլորտում կյանքի կոչեմ իմ նախագծերը: Իմ կարգախոսն է՝ երբեք ոչնչի առջև կանգ չառնել ու միշտ առաջ գնալ:
Կարինե Հովհաննիսյան