- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ ՈՒԽ-Ն ՍԿՍԵԼ Է ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ». ԵՊՀ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ
Նոյեմբեր 03, 2022 | 15:11
Կրթություն
Ուսանողական
«ԵՊՀ ՈՒԽ-Ն ՍԿՍԵԼ Է ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ». ԵՊՀ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ուսանողական խորհրդի բանավեճի ակումբի նախագահը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Աննա Դարբինյանն է: Աննայի հետ զրուցել ենք համալսարանի ընտրության, բանավիճելու իր հմտությունները զարգացնելու և այլ թեմաների շուրջ:
Պատմում է ինքը՝ Աննան:
ՀՀ բուհերից ԵՊՀ-ն ընտրելն իմ լավագույն որոշումներից էր:
Դեռ վաղ տարիքից հստակ որոշել էի ընտրել այնպիսի մասնագիտություն, որը հնարավորություն կտա գործունեություն ծավալելու ներպետական կառավարման կամ արտաքին դիվանագիտական ասպարեզում: Ի վերջո ընտրեցի երկրորդը՝ գիտելիքներս և հմտություններս՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելու: ԵՊՀ-ն ընտրելը միանշանակ էր. մեծագույն պատասխանատվությամբ եմ վերաբերվել և վերաբերվում իմ կրթությանը:
Նախքան բանավեճի ակումբի նախագահ ընտրվելը համակարգել եմ ֆակուլտետի ՈՒԽ գիտակրթական աշխատանքները՝ դրսևորելով մեծ պատասխանատվություն արածս գործի նկատմամբ:
Այդ շրջանում առավելապես շեշտը դրել եմ մասնագիտական բանավեճի ակումբի վրա, որը բացահայտեց շատ ուսանողների կարողունակությունները՝ ամբողջապես կատարելով իմ առջև դրված նպատակը: Այն նաև տվեց ազատություն մտածելու և արտահայտվելու հնարավորություն և ստեղծեց հարթակ հանրային խոսքի զարգացման և օրակարգային մի շարք հարցերի շուրջ բանավիճելու, տեսական գիտելիքը գործնականի վերածելու համար, ինչն առանցքային նշանակություն ունի դիվանագետների համար: Բանավիճելը գեղեցիկ և «խայթող» արվեստ է, որը հմայք է տալիս բոլորին, իսկ պարբերաբար բանավիճելը չափազանց հաճելի է և տալիս է բազմաթիվ հմտությունների ձեռքբերման հնարավորություն:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը լայն հեռանկարներ է առաջարկում աշխատաշուկայում կայուն դիրք գրավելու, ինչպես նաև ուսանողի զարգացման:
Նախաձեռնող և նախանձախնդիր ուսանողը ձգտում է օգտվել ֆակուլտետի ընձեռած հնարավորություններից, ինչպիսիք են՝ որակյալ կրթություն ստանալը, ուսանող-դասախոս իրավահարաբերությունները, ոչ ֆորմալ կրթության ներդրումը և այլն: Ինչպես հիմա, այնպես էլ նախքան ընդունվելս ինձ համար առաջնահերթություն է եղել այս ամենի ստանձնումն ու կազմակերպումը: Տեսնելով ԵՊՀ ուսխորհրդի երկարամյա աշխատանքը և հասկանալով այն գաղափարական ու բարոյական հենքը, որի վրա գործում է կառույցը, առաջին կուրսից ներգրավվեցի ինչպես ԵՊՀ, այնպես էլ ֆակուլտետի ուսխորհրդում:
ԵՊՀ-ն ընձեռում է գործակցային լայն հնարավություններ:
Կրթական բաղադրիչներից զատ՝ ԵՊՀ-ն ունի մարդկային կապիտալ, որը ներկայի և ապագայի համար համախոհության և համագործակցության շրջանակներ ստեղծելու և մեծացնելու անսահման հնարավորություն է:
Համալսարանական ակտիվ կյանքին զուգահեռ համագործակցում եմ միջազգային կազմակերպությունների հետ:
Մինչև ուսանող դառնալը բազում հավաստագրեր էի ստացել միջազգային տարբեր կազմակերպություններից (ՄԱԿ, ԵՄ, Եվրասիայի համագործակցության հիմնադրամ և այլն): Այժմ արդեն ներգրավված եմ այդ կառույցներում: Աշխատելով հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ՝ տեղայնացնում եմ սոցիալ-կրթական ծրագրերի համար դրամաշնորհներ ու ներդրումներ, ինչպես նաև կազմակերպում և կառավարում գործընթացը:
Բանավեճի ակումբի հետագա անելիքները սկզբունքայնորեն ավելի մեծ մասշտաբներ են ընդգրկում և ունեն սահմանված նպատակներ:
Պատիվ և պատասխանատվության բարձր դրսևորում է բուհի կառույցներից մեկի կառավարմանը մասնակցելը: Այս կիսամյակ անցկացնելու ենք համաբուհական առաջնություն, որի հայտերը լրացրել և հարցազրույցներին են մասնակցել մի շարք համալսարաններից ինչպես ներկայացուցչական, այնպես էլ հավաքական թիմեր: Սա մի մեծ քայլ է համաուսանողական համայնքի վերստեղծման և միջբուհական կապերի ամրապնդման համար: Երևանի պետական համալսարանը և համալսարանի ուսխորհուրդը՝ որպես հյուրընկալներ, այս տարի մեծ անակնկալներ են խոստանում իրենց հանդիսատեսին և մասնակից թիմերին: Մեր սկսած արշավից անմասն չի մնա ոչ ոք, սակայն առայժմ մանրամասներ չեմ ներկայացնի: Հետայսու ՈՒԽ բանավեճի ակումբն իր առաջ էլ ավելի բարդ խնդիրներ է դրել, որոնց լուծման մեխանիզմներն արդեն իսկ որոշված են, և մեզ մնում է միայն հստակ քայլերով շարժվել առաջ:
Մարինե Մկրտչյան