- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ ԿՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ». ԷԴՈՒԱՐԴ ՊՈՂՈՍՅԱՆ
Նոյեմբեր 13, 2022 | 12:20
Կրթություն
Ուսանողական
«ԵՊՀ ԿՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ». ԷԴՈՒԱՐԴ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Էդուարդ Պողոսյանը համալսարանական ակտիվ կյանք է վարում: Մեզ հետ զրույցում նա պատմել է համալսարանի ընտրության, լրագրողի աշխատանքում մասնագիտական որակյալ կրթության նշանակության և իր նպատակների մասին:
ԵՊՀ դիմել եմ առանց երկմտելու. այլընտրանք լինել չէր կարող:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելու որոշումս կայացրել եմ առանց ծնողներիս միջամտության և շատ վաղ տարիքում՝ հետաքրքրված լինելով հաղորդավարի աշխատանքով: Ոլորտում առաջին քայլերն անելուն զուգընթաց՝ պատկերացումներս փոխվեցին. հասկացա, որ ցանկանում եմ հետագայում աշխատել որպես լրագրող։ Վստահ էի, որ, ընդունվելով ԵՊՀ, ձեռք կբերեմ ոլորտի վերաբերյալ ակադեմիական բարձր մակարդակի գիտելիքներ և հեշտությամբ մուտք կգործեմ աշխատաշուկա:
Ընդունվելով ԵՊՀ՝ կարող ես վստահ լինել, որ հետագայում դառնալու ես մրցունակ մասնագետ։
Առհասարակ, համալսարանն ընձեռում է հնարավորությունների լայն շրջանակ, և ակներև է, որ այդ շրջանակն օրըստօրե մեծանում է: Հատկանշական է, որ ԵՊՀ կրթական քաղաքականության մեջ առանցքային է մասնագիտական մտածողության զարգացումը, ինչը, վստահ կարող եմ ասել, կարևոր է յուրաքանչյուր մասնագիտության դեպքում։ Լինելով երկրորդ կուրսի ուսանող և կիրառելով ստացած գիտելիքներս՝ հասկանում եմ, որ դրանք երաշխիքն են հետագայում ոլորտի լավագույն մասնագետներից մեկը դառնալու հարցում:
Ցանկանում եմ դառնալ քաղաքական դաշտը լուսաբանող լրագրող:
Մեծ հետաքրքրություն ունեմ ինչպես տեղական ու ազգային, այնպես էլ տարածաշրջանային, նաև՝ գլոբալ քաղաքականության նկատմամբ: Լրագրության մեջ ուղղվածությունս միանշանակ լինելու է քաղաքական օրակարգի լուսաբանումը։
Սովորելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ ամրապնդեցի այն համոզմունքս, որ պրոֆեսիոնալ լրագրող լինելու համար պարտադիր է մասնագիտական որակյալ կրթությունը, ինչը հնարավոր է ստանալ ԵՊՀ-ում:
Գրեթե յուրաքանչյուրն ունի մեդիա սպառելու իր գործիքը, որի ֆունկցիոնալ հնարավորությունները թույլ են տալիս նաև ստեղծել մեդիաարտադրանք, բայց պիտի հստակեցնենք, թե որն է մեր քննարկման առարկան․ որակյա՞լ, բարեխի՞ղճ ու պրոֆեսիոնա՞լ, թե՞ լրագրողական անորակ գործունեությունը։ «Համերաշխ չեմ» այն տեսակետի հետ, որ լրագրող լինելու համար պարտադիր չէ ստանալ մասնագիտական կրթություն: Լրագրողի մասնագիտությունը բավականին բարդ է, և դրան ծանոթանալն այնքան էլ հեշտ ու ուղղակի չէ (խոսքը, իհարկե, պրոֆեսիոնալ լրագրության մասին է)։ Ասվածի վերաբերյալ հստակ պատկերացում կարելի է կազմել միայն՝ ընդունվելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
ԵՊՀ ժուռնալիստիակայի ֆակուլտետում կատարվող յուրաքանչյուր բարեփոխում կարևոր է ոչ միայն ուսանողի առաջընթացի, այլև մեդիադաշտի համար առհասարակ:
Ժուռնալիստիկան պրակտիկ մասնագիտություն է։ Այո՛, տեսական գիտելիքներ ունենալը կարևոր և առանցքային է ոլորտում զարգացած և առաջատար մասնագետ լինելու հարցում, սակայն էական նշանակություն ունի նաև գործնական հմտություններին ուղղված դասաժամերի առկայությունը: Ֆակուլտետում կատարված վերջին բարեփոխումները՝ կապված «Պրակտիկում» կրթական նոր մոդուլի ներդնման և փորձարարական հեռուստաընկերություն հիմնելու հետ, միանշանակ նպաստելու են ուսանողների, շղթայաբար նաև՝ մեդիադաշտի առաջընթացին: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն են, որ ստացած գիտելիքների շնորհիվ մեդիադաշտում կարողանում են կատարել բեկումնային փոփոխություններ:
ԵՊՀ-ում դասախոսելը գլխավոր նպատակներիցս է:
ԵՊՀ-ն ինձ համար ազգային արժեք է։ Ամեն օր մեծ ուրախությամբ եմ հաճախում համալսարան, բայց ուրախությունից զատ՝ կա պատասխանատվության մեծ զգացում․ այո՛, ինձ համար ԵՊՀ-ում սովորելը նախ պատասխանատվություն է։ Հենց այդ պատասխանատվությամբ էլ ուսումս շարունակելու եմ մագիստրոսական ծրագրերից մեկում՝ հույս ունենալով, որ հետագայում վաստակելու եմ հարազատ ֆակուլտետում դասախոսելու պատիվն ու հնարավորությունը:
Մարինե Մկրտչյան