- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՒՂԻ Է ՀԱՐԹՈՒՄ ԴԵՊԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՄԱՐԻԱՄ ՏԱՇՅԱՆ
Հոկտեմբեր 26, 2022 | 14:11
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
«ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՒՂԻ Է ՀԱՐԹՈՒՄ ԴԵՊԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՄԱՐԻԱՄ ՏԱՇՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող, ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Տաշյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտահետազոտական գործունեության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների և այլ թեմաների շուրջ:
Մարիամն ինքն իրեն բնորոշում է որպես հետաքրքրասեր, պրպտող ու ակտիվ ուսանողի, ասում՝ իր այս որակներն առավելագույնս փորձում է կիրառել գիտական գործունեության մեջ:
Պատմում է ինքը՝ Մարիամը:
Մասնագիտություն ընտրելն ինձ համար շատ բարդ էր…
Երևանի պետական համալսարանում կրթություն ստանալը եղել է իմ նպատակներից մեկը, սակայն մասնագիտություն ընտրելու հարցում երկար եմ մտածել: Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն ընտրեցի, քանի որ չէի պատկերացնում կյանքս առանց մարդկանց հետ ամենօրյա ակտիվ հաղորդակցության: Այստեղ սովորելու առաջին իսկ օրից հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել:
ՈՒԳԸ-ում գիտական գործունեությունն ու հետազոտական աշխատանքներ կատարելը գրավեցին ինձ…
Յուրաքանչյուր նոր ուսումնասիրություն նպաստում է աշխարհայացքի ձևավորմանը: Այդ է պատճառը, որ հետազոտական աշխատանք կատարում եմ մեծագույն սիրով, ավելի շատ հոդվածներ եմ ընթերցում, ծանոթանում եմ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին ու մարտահրավերներին: Առաջին հետազոտական աշխատանքս տպագրվել է հենց «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականում:
Իմ հետազոտական աշխատանքները միտված են նպաստելու երկրի զարգացմանը…
Ուսումնասիրելով, օրինակ, զբոսաշրջության ոլորտը, մենք կարող ենք այն զարգացնել այնպես, որ դառնա Հայաստանում գերակա ճյուղ և խթանի տնտեսության այլ ճյուղերի առաջընթացը: Իմ աշխատանքներում փորձում եմ անդրադառնալ ոչ միայն զբոսաշրջությանը, այլև սերվիսին ու այնտեղ առկա խնդիրներին:
Մեր ֆակուլտետում ուսանողին տրվում են բազմաթիվ հնարավորություններ…
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն ուղի է հարթում դեպի գիտական ասպարեզ. պարբերաբար մասնակցում եմ տարբեր ծրագրերի, համաժողովների ու կոնֆերանսների, որոնք հնարավորություն են տալիս ոլորտի լավագույն մասնագետներից սովորելու և նրանց հետ մասնագիտական քննարկումներ ծավալելու: Այդկերպ փորձում եմ ներգրավվել ոչ միայն գիտական աշխատանքներում, այլև կիրառել իմ ստացած գիտելիքները կյանքում՝ ի բարօրություն մեր երկրի:
Վերջերս Բուլղարիայում և Վրաստանում «PRO EXTOUR» նախագծի շրջանակում ներկայացրի փորձառական զբոսաշրջության՝ իմ մշակած ծրագրերը՝ ուսումնասիրելով այդ երկրների մշակույթն ու փորձառությունը՝ հետագայում դրանք մեր երկրում կիրառելու նպատակով: Իմ կարծիքով՝ այս ամենը կատարյալ ու բացառիկ հնարավորություն է ուսանողների համար։ Ի լրումն նշեմ, որ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ստանում ենք մասնագիտական լավագույն կրթություն:
Ապագաս պատկերացնում եմ Երևանի պետական համալսարանում՝ հարազատ ֆակուլտետում…
Ցանկանում եմ կրթությունս շարունակել մագիստրատուրայում, կատարել նորանոր հետազոտական աշխատանքներ ու ավելի հմտանալ մասնագիտությանս մեջ:
Կարինե Հովհաննիսյան