- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-Ն ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԽՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՅՐՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոկտեմբեր 18, 2022 | 14:52
Կրթություն
Ուսանողական
«ԵՊՀ-Ն ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԽՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՅՐՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գիտական ոլորտում երիտասարդ հետազոտողների գործունեության մասին զրուցել ենք ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանող Մհեր Խաչատրյանի հետ:
Դեռ մանկուց հետաքրքրված լինելով աստղագիտությամբ՝ Մհեր Խաչատրյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանին առընթեր՝ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, ապա կրթությունը շարունակել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում: Այժմ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող է:
Մեզ հետ զրույցում Մհերը պատմեց, որ իր գիտական հետաքրքրությունները սկսվել են բարձր էներգիաների աստղաֆիզիկայի ուսումնասիրությունից, մասնավորապես բլազարների տվյալների մշակումից:
Անդրադառնալով իր ուսումնառության մեկնարկին՝ Մհերն ասաց. «Երկու տարի բլազարների տվյալների մշակմամբ զբաղվելուց հետո որոշեցի ուժերս փորձել արդյունաբերության ոլորտում: Գիտական հետազոտություններին զուգահեռ՝ զբաղվում էի նաև մեքենայական ուսուցման խնդիրներով»:
2015 թվականից Մհերն իր գործունեությամբ փորձում է նպաստել մարդկանց շրջանում գիտության, հատկապես աստղագիտության հանդեպ սեր և հետաքրքրություն սերմանելուն:
«Մարզերի դպրոցներում աստղագիտության վերաբերյալ մշտապես անցկացնում եմ սեմինարներ, առցանց վեբինարներ, կազմակերպում բաց աստղադիտումներ, մասնակցում ճամբարների, որտեղ ևս դասախոսություններ եմ ներկայացնում և այդպիսով փորձում գիտելիքներս փոխանցել այլոց»,- նշեց նա:
Մհերը վստահեցրեց, որ ցանկացած մարդ պետք է տեղեկացված լինի գիտությունից ու գիտական նորություններից՝ հիմնավորելով, որ այսօր անընդհատ զարգացող տեխնոլոգիաները մարդկանց կյանքում վճռորոշ դեր ունեն։
ԵՊՀ-ն այսօր գիտությամբ զբաղվելու համար լայն հնարավորություններ է ստեղծում, որոնց թվում էական դեր ունեն ներքին դրամաշնորհները։ Թեև որոշ մարդիկ խուսափում են բարդ խնդիրներից, իրենցից ավելի բանիմաց մարդկանց հետ շփումից, սակայն Մհերին գիտության մեջ գրավում են հենց բարդ խնդիրները, խելացի մարդկանց հետ շփումը, արդյունավետ և նորարար տեխնիկաների բացահայտումը:
«Գիտնականները միշտ բոլորից մի քանի քայլ առաջ են․ հենց սրա մեջ է գիտությամբ զբաղվելու յուրահատկությունը: Վստահ եմ՝ նորարարություններին ծանոթանալով և հնարավորության դեպքում դրանք կիրառելով՝ կարող եմ հասնել իմ նպատակներին»,- ասաց Մհեր Խաչատրյանը։
Մհերի խոսքով՝ գիտությամբ զբաղվելն այնքան բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից. դրա համար մարդուն պետք է առնվազն մեկ կարևոր հատկանիշ՝ հետաքրքրասիրություն։
«Երբ մարդիկ իմանում են, որ գիտությամբ եմ զբաղվում, դրական են արձագանքում։ Նրանց ավելի շատ իմ տարիքն է զարմացնում. մարդիկ մտածում են, որ գիտությամբ զբաղվելու համար պետք է սպիտակ մազեր ունենալ»,- ժպիտով ասաց մեր զրուցակիցը:
Խոսելով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ստացած գիտելիքների մասին՝ Մհերն ասաց, որ դասախոսների ու ձևավորված համակարգի շնորհիվ դրանք օրըստօրե դառնում են ավելի համապարփակ և բազմաբովանդակ:
«ԵՊՀ-ն ակադեմիական խոր գիտելիքներ ստանալու լավագույն վայրն է։ Մասնագիտական հմտություններ ձեռք բերելու գործում ֆիզիկայի ֆակուլտետի դասախոսները շատ են օգնել, ուղղորդել՝ ավելի շատ սիրելու մաթեմատիկան, որը կիրառվում է ֆիզիկայում, կյանքում և առհասարակ առօրյա խնդիրներ լուծելիս»,- հավաստիացրեց Մհերը։
Անդրադառնալով տեխնիկապես հագեցած լսարաններ ունենալու կարևորությանը՝ Մհերը նշեց. «Իմ կարծիքով, առանց համապատասխան տեխնիկայի, 21-րդ դարի մասնագիտություն ձեռք բերելը դժվար է։ Բարեբախտաբար, մենք ունենք տեխնիկապես հագեցած լսարաններ, որտեղ ավելի արդյունավետ են անցնում դասերը»։
Մեզ հետ զրույցում Մհերը վստահեցրեց, որ գիտական գործունեություն ծավալելիս իր գրանցած հաջողություններում, ինչպես նաև ապագայի պլաններում Երևանի պետական համալսարանն իր ուրույն և անփոխարինելի տեղն ու դերն ունի:
Կարինե Հովհաննիսյան