- Գլխավոր
- Նորություններ
- ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՈՒՄ. ԵՊՀ-Ն ՍՊՈՐՏՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՆՈՐ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ
Նոյեմբեր 19, 2022 | 11:54
Կրթություն
Ուսանողական
ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՈՒՄ. ԵՊՀ-Ն ՍՊՈՐՏՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՆՈՐ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ
Օրերս տեղի ունեցած ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ ժայռամագլցման անհատական առաջնության՝ աղջիկների պայքարում առաջին հորիզոնականն զբաղեցրել էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ադրինե Արշակյանը: Ադրինեի հետ զրույցի հետաքրքիր մանրամասները հնարավորություն կտան տեղեկանալու երրորդկուրսեցի աղջկա՝ առաջին հայացքից իրարից շատ տարբեր թվացող հետաքրքրությունների մասին:
Ադրինեին ռադիոֆիզիկայի ֆակուլտետ բերել է ոլորտի լավագույն մասնագետ դառնալու ձգտումը: Նրա խոսքով՝ դեռ հիմնական դպրոցում սովորելու տարիներից շատ է սիրել ֆիզիկան և հետաքրքրված է եղել էլեկտրական տարբեր շղթաներ հավաքելով։ Երկարատև ուսումնասիրություններից հետո հասկացել է, որ ոլորտի վերաբերյալ համակողմանի գիտելիքներ կարող է ստանալ միայն Երևանի պետական համալսարանում: Ասում է՝ բուհի ու մասնագիտության ընտրությունն իր լավագույն որոշումներից է, և սովորելու տարիներին չի եղել գեթ մեկ րոպե, որ հիասթափվի իր ընտրությունից: Հավանաբար մասնագիտության հանդեպ ունեցած սերն էլ պատճառ է դարձել այն բանի, որ Ադրինեն ձգտում է հետագայում դասախոսել հարազատ ֆակուլտետում:
«Ինձ համար կարևորագույնը հայրենիքի համար պիտանի մարդ և մասնագետ լինելն է, իսկ ԵՊՀ-ն ձևավորում է այդպիսիններին՝ նրանց տալով մեծ հնարավորություններ. պարզապես պետք է օգտվել դրանցից»,- վստահեցնում է Ադրինեն:
- Բացի բարձրագույն ու միջազգային չափանիշներին համապատասխան կրթությունից ուրիշ ի՞նչ այլ հնարավորություններ է ընձեռում համալսարանը,- հարցնում եմ:
- Մասնագիտությունից զատ՝ ուսանողներն ունեն հետաքրքրությունների լայն շրջանակ: Նրանցից շատերն զբաղվում են տարբեր սպորտաձևերով, իսկ ուսանողական առաջնությունները լավ հնարավորություն են չափելու սեփական ուժերն այլ համալսարանների ուսանողների հետ պայքարում: Այդ ամենը նպաստում է նաև, որ, դասերին զուգահեռ, կարողանանք ապրել ուսանողական ավելի ակտիվ ու հետաքրքիր կյանքով,- պատասխանում է նա:
Ադրինեն ժայռամագլցմամբ հետաքրքրված է եղել դեռ առաջին կուրսից, սակայն ԵՊՀ ժայռամագլցման թիմին միացել է ընդամենը մեկ ամիս առաջ: Ասում է՝ այդ թիմի մասին պատմել է ընկերուհին՝ նույն ֆակուլտետում սովորող Անահիտ Համբարձումյանը, որը, ի դեպ, մրցույթում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել, և ինքը որոշել է հաջորդ իսկ օրվանից անդամակցել թիմին: Նրա խոսքով՝ թիմի մարզիչը՝ ընկեր Սուրենը, ջերմ վերաբերմունքով և ուսանողների հաջողության պատմությունները պատմելով, ավելի է մեծացրել ոգևորությունը: Վստահեցնում է, որ հաջողության գործում մեծ է մարզչի դերը:
«Թիմին անդամակցելու առաջին իսկ օրվանից սիրահարվել եմ սպորտաձևին, իսկ թիմակիցներիս հետ մարզումներ անցկացնելն ուղղակի հաճույք է»,-անկեղծանում է Ադրինեն:
Նախքան Ադրինեի հետ զրուցելը համացանցում որոնել էի՝ հասկանալու, թե, ի վերջո, որտեղ կարող են հատվել ռադիոֆիզիկան ու ժայռամագլցումը, և կարդացածս տեղեկություններն ինձ ավելի էին շփոթեցրել: Ինչ-որ հոդվածում նկատել էի թավ տառերով գրված մի միտք, այն էր՝ «պատկերավոր մտածողությունը և ստեղծագործական միտքը որոշիչ դեր ունեն ժայռամագլցման սպորտաձևում»։ Ենթադրում եմ, որ այստեղ է հավանաբար իմ փնտրած առնչակցությունը և հարցնում եմ Ադրինեին․
- Ըստ քեզ՝ ռադիոֆիզիկոսի մասնագիտությունը էական դեր ունեցե՞լ է հաջողության հասնելու գործում:
- Ֆիզիկան, լինելով բարդ և միաժամանակ բնական գիտություն, ենթադրում է իրերի և երևույթների ամենաճշգրիտ ներկայացում։ Երբեմն անհրաժեշտ է ամեն ինչ ոչ թե բառացի, այլ պատկերացմամբ հասկանալ: Պատկերավոր և ստեղծագործական մտքի զարգացման մեջ, անշուշտ, մեծ դեր ունի հենց մասնագիտությունս. այն ինձ սովորեցրել է տարաբնույթ մոտեցումներ ցուցաբերել ամենահասարակ թվացող իրերին ու երևույթներին և ուսումնասիրել դրանք տարբեր տեսանկյուններից,- պատասխանում է Ադրինեն՝ կարծես ուրվագծելով իր պատկերացմամբ ժայռամագլցման և ռադիոֆիզիկայի կապը:
Զրույցի ընթացքում վստահեցնում է, որ ժայռամագլցման հանդեպ սերը հուշում է, որ ինքն անելու է ավելին ոլորտում հմտանալու, հետագայում ավելի խոշոր մրցաշարերի մասնակցելու և, իհարկե, հաջողություն գրանցելու համար։ Ի վերջո, հարցնում եմ ՝ ինչպե՞ս ստացվեց հաղթանակ գրանցել՝ թիմում ընդամենը մեկ ամիս լինելով:
- Բավականին ինքնավստահ և առանց որևէ լարվածության եմ մասնակցել, ինչն ինձ շատ օգնեց մագլցման ընթացքում: Ասում են, չէ՞, որ հաղթում է նա, ով առաջինն իր մտքում է հաղթանակ տանում…
Մարինե Մկրտչյան