- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱՐԿՄԱՆ ՈՒ ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Դեկտեմբեր 30, 2022 | 09:36
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱՐԿՄԱՆ ՈՒ ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ իրագործվող «Տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչների ներդրում և զարգացում բուհական կրթական ծրագրերում» գիտական թեման ԵՊՀ-ում անցկացվող գիտական ներքին դրամաշնորհների մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման:
Գիտական խմբի ղեկավարի խոսքով՝ գիտահետազոտական ծրագրի առաքելությունը բուհերի ուսանողների տրամաբանական, վերլուծական և քննադատական մտածողությունը, ինչպես նաև կառուցողական բանավեճ վարելու, փաստարկելու և ճարտասանական հմտությունները զարգացնող գործիքակազմի, հատուկ դասընթացների, մասնագիտական կրթական ծրագրերը հարստացնող բաղադրիչների մշակումն է:
Մեզ հետ զրույցում Հ. Հովհաննիսյանն ասաց. «Մասնագիտական և ոչ մասնագիտական ֆակուլտետներում տրամաբանության դասավանդման գործընթացի բարելավման նպատակով մշակվում են ծրագրային-մեթոդական և ուսումնական նյութեր, կազմվում է գործնական առաջադրանքների և վարժությունների շտեմարան-ձեռնարկ: Կատարվում են նաև փաստարկման, հռետորիկայի, բանավեճի հիմնահարցերի հետազոտման բնագավառում տեսական ժառանգության, ժամանակակից հայեցակարգերի ակադեմիական ուսումնասիրություններ ու հրապարակումներ և դրանց հիման վրա՝ բուհական դասընթացների ծրագրային և մեթոդական բարելավման փաթեթի մշակում: Այս երկու բաղադրիչները փոխկապակցված են և լրացնում են միմյանց»:
Հետազոտական խումբն այժմ կատարում է տրամաբանության գործնական առաջադրանքների, վարժությունների և խնդիրների բուհական ձեռնարկ-շտեմարանի ստեղծման աշխատանքներ: Այն հրատարակման է ներկայացվելու հաջորդ տարի: Նախատեսվում է նաև մշակել և հրատարակել հռետորաբանության (հռետորիկայի տեսության) արժեքավոր դրվագները բովանդակող քրեստոմատիկ ժողովածու:
Իրականացման առաջին տարում մշակվել և փիլիսոփայության բաժնի կրթականծրագրում ներդրվել է «Մտածողության տեխնոլոգիաներ» դասընթացը:
Անդրադառնալով ծրագրի շրջանակում անցկացված դասախոսություններին՝ մեր զրուցակիցը նշեց. «Հետազոտական գործունեությանը զուգահեռ՝ կազմակերպվել են տեսական սեմինարներ, հրավիրյալ պրոֆեսոր Օլեգ Գաբրիելյանը կարդացել է դասախոսություններ «Փիլիսոփայության ներկան և հեռանկարները», «Հոլովակային մտածողություն», «Կրեատիվ մտածողություն», «Փիլիսոփայության պրոյեկտայությունը», թեմաներով: Պատրաստվում է «Գիտակցություն և արհեստական ինտելեկտ» դասընթացը»:
Հատկանշական է, որ ծրագրի շրջանակում մշակվող դասընթացներն ու դասախոսությունները պահանջարկ ունեն տեղական ու միջազգային կրթական հաստատությունների և կազմակերպությունների կրթական ծրագրերում:
Գիտական խմբի կազմում ընդգրկված են ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, ծրագրի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Ատոմ Վարդումյանը, ՀՊՄՀ ակադ․ Գ․ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, փ․գ․դ․ Հասմիկ Հովհաննիսյանը, Ղրիմի Վ․ Ի․ Վերնադսկու անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, փ․գ․դ․, հրավիրյալ պրոֆեսոր Օլեգ Գաբրիելյանը և ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրանտ Ալինա Գրիգորյանը:
Կարինե Հովհաննիսյան