- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԸ. ՊԱՏՄՈՒՄ Է ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ
Ապրիլ 04, 2023 | 15:25
Գիտություն
Կրթություն
ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԸ. ՊԱՏՄՈՒՄ Է ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ
Կանանց միամսյակին նվիրված հարցազրույցների շարքի մեր վերջին զրուցակիցը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Քրիստինե Հակոբյանն է: Նրա հետ խոսել ենք բուհում կրթություն ստանալու առավելությունների, հասարակության մեջ սոցիալական աշխատողների ունեցած կարևոր դերի, ապագայի ծրագրերի և այլ թեմաների շուրջ:
- Քրիստինե՛, ինչպե՞ս որոշեցիք արդեն հասուն տարիքում կրթությունը շարունակել բուհում: Ինչո՞վ էր պայմանավորված մասնագիտության ընտրությունը:
- Սովորելը, զարգանալն ու ինքնակրթությամբ զբաղվելն ինձ համար մշտապես եղել և մնում են առաջնային: Սակայն բուհում, մասնավորապես Երևանի պետական համալսարանում սովորելու գաղափարը երկար ժամանակ ինձ համար պահանջ էր: Ցանկանալով լրացնել այդ բացը և տեսնելով ԵՊՀ ծավալած գործունեությունը` ընտրեցի ինձ հոգեհարազատ սոցիալական աշխատողի մասնագիտությունը: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց աջակցելու և օգնելու նպատակով էլ ընդունվեցի ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ:
- Աշխատաշուկայում մե՞ծ է սոցիալական աշխատողների պահանջը: Ո՞րն է նրանց դերը հասարակության մեջ:
- Հասարակության մեջ սոցիալական աշխատողների դերը բազմաբնույթ է` շահապաշտպան, իրազեկող, ուղղորդող, միջնորդ` շահառուի և տարբեր համակարգերի միջև, հաշտարար։ Տեղին է մեջբերել Հայաստանում սոցիալական աշխատողների ասոցիացիայի կարգախոսը. «Սոցիալական աշխատանքը մարդկանց գրագետ օգնելու արվեստն է»։ Հետևաբար մասնագետների պահանջ կա առողջապահության, կրթության, արդարադատության և այլ բնագավառներում՝ ի հեճուկս հանրության շրջանում տարածված այն կարծրատիպի, որ սոցիալական աշխատողները ներգրավվում են միայն սոցիալական ապահովության ոլորտում:
- Դուք երեք երեխաների մայր եք և լավագույնս համատեղում եք կրթությունն ու ընտանիքը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ առավելություններ ունի հասուն տարիքում բուհում սովորելը:
- Մեծ առավելություններից է այն, որ հասուն տարիքում, երբ երեխաներդ արդեն ինքնուրույն են, դասերի հաճախելու հարցում կաշկանդված չես լինում՝ ի հակադրություն այն դեպքերի, երբ սովորողներն ունենում են փոքր տարիքի երեխաներ: Սրանից զատ` ուսումնական գործընթացի դժվարությունները, ըստ իս, հեշտ հաղթահարելի ու պակաս տագնապալի են թվում։
- Ասում են. «Ես հասարակության առաջընթացը չափում եմ կանանց առաջընթացով»: Այս համատեքստում որքանո՞վ եք կարևորում կրթության դերը:
- Կրթությունն այն գլխավոր գործոններից է, որի շնորհիվ բարձրանում է անհատի ինքնագնահատականը՝ նրան դարձնելով ինքնաբավ և ինքնավստահ: Պատահական չէ, որ կանայք այսօր կյանքի տարբեր բնագավառներում ունեն մեծ ներգրավվածություն և էական դեր, ուստի վստահ եմ՝ այդ առաջընթացի գլխավոր գրավականը հենց կրթությունն է:
- Կանդրադառնա՞ք ապագայի Ձեր ծրագրերին:
- Հետաքրքիր է, որ նախորդ հարցին տվածս պատասխանն իմ մեջ նոր գաղափար արթնացրեց. լիահույս եմ, որ կկարողանամ ստեղծել այնպիսի խումբ, որի նպատակը կլինի հաջողության հասած կանանց օրինակով ոգեշնչել մյուսներին՝ կրթություն ստանալու կամ շարունակելու ուսումը և ի նպաստ հասարակության գործունեություն ծավալելու համար: