- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱԾՍ 40 ՏԱՐԻՆԵՐԸ ՉԵՄ ՓՈԽԻ ՈՉՆՉԻ ՀԵՏ». ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՄԱՍԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մարտ 22, 2023 | 14:05
Կրթություն
Գիտություն
«ԵՊՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱԾՍ 40 ՏԱՐԻՆԵՐԸ ՉԵՄ ՓՈԽԻ ՈՉՆՉԻ ՀԵՏ». ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՄԱՍԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Օրերս ԵՊՀ կենտրոնական և գրադարանի մասնաշենքերի պարետ Մասիս Խաչատրյանի 70-ամյակն էր: Այս առիթով նրա հետ զրուցել ենք ԵՊՀ-ի, համալսարանական աշխատանքի ու դրա ընձեռած հնարավորությունների մասին:
Շուրջ 40 տարի է, ինչ Մ. Խաչատրյանը Երևանի պետական համալսարան է գալիս վաղ առավոտյան: Ասում է՝ երիտասարդ մնալու և առողջ լինելու բանաձևը պարզ է. անկախ դժվարություններից աշխատել սիրով:
«Ինչպե՞ս կարող եմ ծերանալ համալսարանում,- ժպիտով ասում է նա և հավելում.- Թվերն ընդամենը նշաններ են. մարդը հոգով պետք է երիտասարդ լինի»:
Մ. Խաչատրյանի համար ԵՊՀ-ն պարզապես աշխատավայր չէ, այլ իր մեծ ընտանիքը:
«Ես աշխատել եմ տարբեր տեղերում՝ հանքում, գործարաններում, սակայն համալսարանում աշխատածս տարիները երբեք չեմ փոխի ոչնչի հետ: Գրեթե 40 տարի է՝ այստեղ եմ ու երջանիկ եմ դրա համար»,- ասում է նա:
Այս տարիների ընթացքում Երևանի պետական համալսարանը Մ. Խաչատրյանին պարգևատրել է արծաթե մեդալով և պատվոգրերով: Նա նշում է, որ աշխատանքը սիրով ու նվիրվածությամբ կատարելը միշտ էլ գնահատվում է:
Մ. Խաչատրյանի զավակները ևս համալսարանական են. աղջիկն ու երկվորյակ տղաները կրթություն են ստացել ԵՊՀ-ում: Մ. Խաչատրյանը համոզված է՝ նրանց՝ ոլորտում կայացած մասնագետ դառնալու գործում իր կարևորագույն դերը ունի ԵՊՀ տված կրթությունը:
Խոսելով գործընկերների մասին՝ մեր զրուցակիցը թվարկում է մեծ գիտնականների անուններ, որոնց հետ աշխատել և աշխատում է:
«Սերգեյ Համբարձումյան, Վիկտոր Համբարձումյան, Միսակ Դավթյան… Միշտ ասում եմ՝ Աստված տվեց ինձ բախտ և հնարավորություն՝ շփվելու մեծ գիտնականների հետ»,- նշում է նա:
Մասիս Խաչատրյանը, հարցազրույցի վերջում ամփոփելով խոսքը, ասում է. «Կյանքում ամենակարևորը խաղաղությունն է, ինչին պետք է ձգտենք բոլորս»:
Սիրով շնորհավորում ենք Մասիս Խաչատրյանին և մաղթում ամենայն բարիք: