- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋ Է ԲԵՐՈՒՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ 4-ՐԴ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ». ՀՐԱՎԻՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍ ՕԼԵԳ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հոկտեմբեր 27, 2022 | 14:27
Կրթություն
Գիտություն
«ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋ Է ԲԵՐՈՒՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ 4-ՐԴ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ». ՀՐԱՎԻՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍ ՕԼԵԳ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Ներքին դրամաշնորհային ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում է Ղրիմի Վ. Ի. Վերնադսկու անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Օլեգ Գաբրիելյանը։
Այս ուսումնական կիսամյակում հրավիրյալ բանախոսը դասախոսում է «Մտածողության տեխնոլոգիաներ» առարկայի շրջանակում՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի 3-րդ կուրսի ուսանողների, մագիստրանտների և պրոֆեսորադասախոսական կազմի համար:
Ուսումնական ծրագրին զուգահեռ՝ ֆակուլտետում կազմակերպվում են նաև տեսական սեմինարներ պրոֆեսորի հետ: Հերթական բանախոսությունը «Գիտակցություն և արհեստական բանականություն» խորագրով էր, որի ընթացքում Օլեգ Գաբրիելյանը ներկայացրեց համեմատական վերլուծություն այս երկու երևույթների միջև՝ ընդգծելով դրանց կապը, փոխհարաբերությունները, առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձավ թեմային առնչվող թիրախային այլ հարցերի:
Արհեստական բանականությունը, ներթափանցելով տարբեր ոլորտներ և ազդելով ամբողջ աշխարհի մշակույթների ու տնտեսությունների վրա, ներգործում է աշխարհաքաղաքական գործընթացների վրա՝ առաջ բերելով, Օ. Գաբրիելյանի խոսքով ասած, «մարդկային քաղաքակրթության փոփոխություն»՝ տեխնոլոգիական 4-րդ հեղափոխություն։ Այն արտացոլում է ժամանակակից տեխնոլոգիաների ստեղծումն ու առաջխաղացումը, որոնք նպաստում են տարբեր ոլորտներում բեկումնային նորարարությունների ու գյուտերի: Արհեստական բանականության տեխնոլոգիաները միտված են հեշտացնելու մարդու կյանքը՝ կենցաղային հարցերից մինչև գլոբալ խնդիրներ։
Օլեգ Գաբրիելյանը, անդրադառնալով արհեստական բանականության՝ մարդու գիտակցությանը մրցակից լինելուն, ընդգծեց. «Արհեստական բանականությունը լուրջ և բարդ մեխանիզմ է, որ ստեղծում է մարդը: Թեև այն հարաբերականորեն ինքնուրույն զարգանում է իր ալգորիթմով ու դառնում լուրջ մարտահրավեր մարդկության համար, այնուամենայնիվ, ես խորապես համոզված եմ, որ այն չի կարող փոխարինել մարդկային գիտակցությանը։ Իմ կարծիքով՝ մարդը պետք է ձգտի ակտիվ «համագործակցության արհեստական բանականության հետ»՝ հզորացնելով այն՝ որպես իր օգնականի»:
Հրավիրյալ բանախոսի համար այս համագործակցությունը կարևոր է ոչ միայն գիտելիքի և փորձի փոխանցման, այլև Հայաստանում փիլիսոփայության ոլորտի ներկա դրությանն առավել խորությամբ ծանոթանալու, Սփյուռքի և Հայաստանի կապն ամրապնդելու տեսանկյուններից։
Անդրադառնալով այս գործակցության ամրապնդմանը՝ Օլեգ Գաբրիելյանը նշեց. «Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցուն կից ամառային դպրոց հիմնելու ծրագիր ունեմ, ինչը հնարավորություն կտա հրավիրելու մասնակիցներ Հայաստանից ու Արցախից։ Հուսով եմ՝ Հայաստան կատարած այցս և գործընկերներիս հետ շփումը կնպաստեն այդ գաղափարների իրագործմանը»:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ, ներքին դրամաշնորհային ծրագրի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով բուհի ղեկավարության՝ ներքին դրամաշնորհային ծրագրերի միջոցով միջազգային կապերի զարգացմանը նպաստելու նախաձեռնողականությունը, նշեց․ «Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ծանոթանալու միջազգային ճանաչում ունեցող կայացած մասնագետի տեսակետներին ու գաղափարներին, ինչպես նաև տեղի է ունենում մտքերի ու փորձի փոխանակում, գիտնականների երկխոսություն, ինչը գիտության գոյության ու զարգացման համար կենսական անհրաժեշտություն է»:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրանտ Կարինա Գևորգյանը շարունակաբար մասնակցում է Օլեգ Գաբրիելյանի դասախոսություններին։
«Ֆակուլտետի դասախոսները մեզ սովորեցրել են, որ փիլիսոփայությունը չափազանց պրակտիկ գիտություն է, Օլեգ Գաբրիելյանն էլ հավելեց, որ փիլիսոփան պետք է կարողանա փոխել սոցիալական միջավայրը, ինչը հնարավոր է միայն՝ նկատելով ու մատնանշելով դրականը: Դա կարևոր է հատկապես մեր ժամանակներում»,- ընդգծեց Կ․ Գևորգյանը:
Նշենք, որ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, կարևորելով թեմայի արդիականությունը, նախատեսում է ֆակուլտետի մագիստրատուրայի կրթական ծրագրում ներդնել «Գիտակցություն և արհեստական բանականություն» խորագրով դասընթաց:
Հավելենք՝ Օլեգ Գաբրիելյանը ԵՊՀ-ում է «Տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչների զարգացումը բուհական կրթական ծրագրերում» ԵՊՀ ներքին դրամաշնորհային ծրագրի շնորհիվ: Նա իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է ԵՊՀ-ում 1992 թվականին: Վերջերս անդրադարձել ենք Օլեգ Գաբրիելյանի նաև առաջին բանախոսությանը: