- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Հոկտեմբեր 19, 2022 | 19:14
Կրթություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում անցկացվեց հանդիպում, որի ընթացքում Արամ Աբրահամյանը ներկայացրեց «Ազատ մամուլի առաջին քայլերը Հայաստանի երրորդ Հանրապետությունում» թեմայով դասախոսություն. ծավալվեց քննարկում՝ ազատության կոնցեպտի վերաբերյալ։
Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնեց ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանին այսօրինակ միջոցառումների կազմակերպման համար, ապա վստահեցրեց, որ նմանատիպ հանդիպումները շարունակական և հաճախակի են լինելու:
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպված հանդիպումը ընթացիկ ամսվա դասախոսություններից մեկն էր: Հանդիպման նպատակն էր ԵՊՀ ուսանողներին ներկայացնել 2020-2021 թվականների՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրատարակած «Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազատական բարեփոխումները» երկհատոր ժողովածուն և դրանում ընդգրկված հոդվածները:
Լ. Խառատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հրատարակված հոդվածների հեղինակները կա՛մ իրենք անմիջաբար եղել են բարեփոխումների հեղինակ, կա՛մ ակտիվորեն ներգրավված են եղել տվյալ շրջանի բարեփոխումների աշխատանքներում:
«Արամ Մանուկյանի ջանքերով լույս տեսած ժողովածուն կազմված է Հայաստանի անկախության առաջին շրջանի բարեփոխումներին վերաբերող հոդվածներից, որոնց հեղինակներն արդեն իսկ հանդիպել են ԵՊՀ իրավաբանության, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողների հետ: Այսօրինակ հանդիպումներ կազմակերպվելու են ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում. յուրաքանչյուր հոդվածի հեղինակ համապատասխան ֆակուլտետում ներկայացնելու է իր ուսումնասիրությունը»,- ընդգծեց Լ. Խառատյանը:
1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանի և ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների միջև ակտիվ քննարկում ծավալվեց, որից հետո Ա. Մանուկյանն ուսանողներին նվիրեց Անկախության հռչակագրի օրինակներ:
Ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազատական բարեփոխումները» ժողովածուն՝ Ա. Մանուկյանն ասաց, որ դրա թարգմանված տարբերակը հասանելի է աշխարհի 20 գրադարաններում և 60 երկրների հայաստանյան դեսպանատներում:
«Հոդվածների սույն ժողովածուն ներկայացնում է իննսունականների ազատական բարեփոխումների ընթացքը և խորհրդային պլանային տնտեսությունից ազատ շուկայական տնտեսության անցումը: Այն ինքնատիպ ժողովածու է, քանի որ հոդվածագիրները եղել են Հայաստանի ազատականացման ակունքներում»,- ասաց Ա. Մանուկյանը:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, խոսելով ժողովածուի և այնտեղ հրատարակված իր հոդվածի մասին, ասաց. «Երբ ձեզ պետք լինի ուսումնասիրել տվյալ ժամանակաշրջանը, այսինքն՝ մեր պետության ստեղծման հիմքերը, կարդացե՛ք այս հոդվածները, որոնք համապատասխան պատկերացում են տալիս դրանց վերաբերյալ»:
Դասախոսության ընթացքում Ա. Աբրահամյանը ուսանողներին տվեց մասնագիտական խորհուրդներ, ներկայացրեց սեփական փորձը, խոսեց մամուլի ազատության, ինչպես նաև գրաքննության մասին, պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին: