- Գլխավոր
- Նորություններ
- ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՊԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ
Հոկտեմբեր 18, 2022 | 10:49
Կրթություն
ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՊԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ ուսանողների համար աշխատանքի և պրակտիկայի նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում կազմակերպվեց հանդիպում աշխատաշուկայի ներկայացուցիչների հետ։
Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը, կարևորելով տեսական գիտելիքների կիրառությունը պրակտիկ աշխատանքում, նշեց.«Ֆակուլտետում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ տարբեր կազմակերպությունների հիմնադիրների և ներկայացուցիչների հետ՝ ուսանողներին ծանոթացնելու նրանց աշխատելաոճին և տարիների ընթացքում ձեռք բերված փորձին: Ֆակուլտետն ուղենշել է համագործակցություն այնպիսի ազգային կազմակերպությունների հետ, որոնց ապրանքանիշը հայտնի է միջազգային աշխատաշուկայում»։
Այսօրվա հյուրերն էին «Խաչատրյան» ընկերությունների խմբի հիմնադիրներ Արթուր և Կարեն Խաչատրյանները, որոնք հանդիպման ընթացքում պատմեցին իրենց ընկերության ստեղծման պատմությունը, անդրադարձան ներկայիս գործունեությանը և ներկայացրին աշխատանքի հնարավորությունները ԵՊՀ ուսանողների համար։
Մեզ հետ զրույցում «Խաչատրյան» ընկերությունների խմբի համահիմնադիր Արթուր Խաչատրյանը նշեց, որ սա ուսանողների հետ իրենց առաջին հանդիպումն է, սակայն նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական։
«Համագործակցության շրջանակում լավագույն ուսանողներին հնարավորություն է տրվում սեփական կարողությունները գնահատելու, համալսարանում ստացած գիտելիքները պրակտիկայում կիրառելու, ինչպես նաև վերապատրաստման դասընթացների մասնակցելու»,- մատնանշեց ընկերության համահիմնադիրը:
Հանդիպման ավարտին ուսանողները հյուրերին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը՝ ստանալով բազմաբովանդակ և համապարփակ պատասխաններ: