- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ (ԱՆԳԼԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ)» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
Փետրվար 26, 2021 | 15:00
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ (ԱՆԳԼԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ)» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի «Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)» մագիստրոսական նոր ծրագրի շնորհանդեսը:
Մագիստրոսական նոր ծրագրի շնորհանդեսին ներկա էին Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:
Ողջույնի խոսքում պարոն Բարսեղյանը նշեց, որ «Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)» մագիստրոսական ծրագիրը եկել է համալրելու մնացած հետաքրքիր ծրագրերի շարքը, որոնք առաջարկում է Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը. «Հարկ է նշել, որ սպասում ենք ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից տրամադրվող արտոնագրին, ինչը պարզապես օրերի հարց է, ուստի ճիշտ համարեցինք հենց այս պահին ծրագիրը ներկայացնել ուսանողներին»:
Գևորգ Բարսեղյանը շեշտեց, որ Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը շարունակաբար հանդես է գալիս յուրօրինակ նախաձեռնություններով, ինչը միանշանակ արժանի է գովասանքի:
Ֆակուլտետի դեկանը շնորհակալություն հայտնեց ամբիոնի աշխատակիցներին մագիստրոսական ծրագրի կայացման ու կյանքի կոչմանը միտված աշխատանքի համար:
Ներկաներին ողջունեց նաև Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանը. «Մենք ունենք սերունդ կրթելու մեծ առաքելություն և պետք է ամեն ինչ անենք, որ այդ սերունդը լինի զարգացած, կիրթ, պատրաստ դիմակայելու ցանկացած մարտահրավերի»:
Տիկին Ղազարյանի խոսքով, ինչքան կիրթ են ազգը, անհատը, այդքան ուժեղ է պետությունը, ինչին էլ միտված են կրթության ոլորտում նախատեսված բոլոր քայլերը: Այնուհետև նա ներկաներին մանրամասն ներկայացրեց իրենց ամբիոնի գործունեությունն ու ուսումնական ծրագրերի առանձնահատկությունները:
«3-րդ կուրսից մեր ուսանողներն ունեն ընտրություն «Վարչագործարարական թարգմանություն» և «Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)» մագիստրոսական ծրագրերի միջև, այստեղ մենք գործ ունենք ոլորտային անգլերենի (industry english) հետ»,- պարզաբանեց ամբիոնի վարիչը:
Նրա փաստմամբ, «Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրի շրջանակում համագործակցելով Իրավագիտության ֆակուլտետի հետ, ամբիոնը կրթում է ոլորտին քաջատեղյակ մասնագետներ, որոնք դառնում են իրենց գործի գիտակները:
Ռուզաննա Ղազարյանը նշեց նաև, որ «Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)» մագիստրոսական ծրագիրը նույնպես միջֆակուլտետային ծրագիր է, որի շրջանակում Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը համագործակցում է ԵՊՀ իրավագիտության, տնտեսագիտության և կառավարման, ինչպես նաև աստվածաբանության ֆակուլտետների հետ:
«Մագիստրոսական մեր ծրագրերը շատ արդյունավետ և հստակ թիմային աշխատանքի արդյունք են, որոնց շնորհիվ մենք ուսանողին տրամադրում ենք աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բարձրագույն կրթություն»,- շեշտեց տիկին Ղազարյանը:
Շնորհանդեսի վերջում ամբիոնի վարիչը պատասխանեց ներկաներին հուզող մի շարք հարցերի:
Անի Պողոսյան