- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱԼԱԳԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հունիս 21, 2022 | 14:12
Կրթություն
Գիտություն
ՄԱԼԱԳԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հյուրընկալեց Իսպանիայի Մալագայի համալսարանի պրոֆեսորներ Է․ Ռոդրիգես-Կաստելյոնին և Մ. Օլգա Գերերո-Պերեսին, ովքեր հանդես եկան դասախոսություններով:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դոցենտ Աննա Մկրտչյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում այցելել էր Իսպանիայի Մալագայի համալսարան, որտեղ ներկայացրել էր Երևանի պետական համալսարանի անցած ուղին և գիտակրթական գործընթացի կազմակերպումը, այդ թվում՝ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի՝ ժամանակակից կրթական չափորոշիչներին համապատասխան գործունեությունը։ Ծանոթանալով ԵՊՀ-ում կազմակերպվող գիտակրթական գործընթացին՝ Մալագայի համալսարանի պրոֆեսորները ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես գալու ցանկություն էին հայտնել։
Պրոֆեսորների ուսումնասիրության տիրույթները հիմնականում նյութագիտությունն ու անօրգանական քիմիան են: Ֆարմացիայի ինստիտուտում կազմակերպված հանդիպմանը հրավիրյալ դասախոսները ներկայացրին այդ ոլորտների ընդհանուր եզրերը դեղագիտության և դեղագործության հետ։ Պրոֆեսոր Է․ Ռոդրիգես-Կաստելյոն հանդես եկավ «Մոդիֆիկացված կավե հանքանյութեր և գեոպոլիմերներ» թեմայով դասախոսությամբ, իսկ Մ. Օլգա Գերերո-Պերեսը՝ «Հետազոտության առաջընթացը նանոմանրաթելերի կիրառման գործում» թեմայով դասախոսությամբ:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Սամվել Վարդապետյանը, անդրադառնալով միջազգային համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը նպաստող հանդիպումների, ինչպես նաև տարբեր համալսարանների ուսանողների ու գիտնականների միջև փորձի փոխանակման կարևորությանը, ասաց. «Ֆարմացիայի ինստիտուտը մշտապես համագործակցում է աշխարհի առաջատար բուհերի հետ՝ կազմակերպելով փոխայցելություններ, համատեղ ծրագրեր։ Մեր դասախոսները, մեկնելով արտերկիր, ոչ միայն վերադառնում են նոր փորձառությամբ, այլև նպաստում են այդ փոխայցելություններին։ Ասվածի վառ վկայությունն է այսօրվա հանդիպումը, որի շրջանակում մենք հյուրընկալել ենք Մալագայի համալսարանի հարգարժան պրոֆեսորներին»:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դոցենտ Ա․ Մկրտչյանի խոսքով՝ տարբեր համալսարաններից հրավիրված դասախոսների հետ պարբերաբար կազմակերպվող դասախոսությունները նպաստում են մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը, ընդհանուր խնդիրների բարձրաձայնմանն ու բովանդակային քննարկումներին:
Տեղեկացնենք նաև, որ Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2022-2023 թթ․ ուստարվա ընդունելության գործընթացը: