- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
Մարտ 10, 2021 | 14:25
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող պատմության օլիմպիադայի հանրապետական փուլը:
Օլիմպիադայի այս փուլին մասնակցում է հանրապետության տարբեր դպրոցների 104 աշակերտ:
Աշակերտներին ողջունեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Վերջինիս հավաստմամբ, առարկայական օլիմպիադաները կարող են նպաստել մասնագիտական կողմնորոշմանը և ընտրությանը. «Օլիմպիադան լավագույն ստուգատեսն է, ընդունելության նախաշեմին սեփական գիտելիքներն ու ուժերը փորձելու հնարավորություն»:
Է. Մինասյանը ամփոփ ներկայացրեց նաև ֆակուլտետի ստեղծման պատմությունը, գործառույթները և հույս հայտնեց, որ ներկաներից շատերը կդառնան համալսարանի դիմորդներ և ուսանողներ:
Պատմության օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցներից Աննա Շմոյանը Շիրակի մարզի Արևշատի Մետաքսեի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի է:
Աննան պատմություն առարկայի լավ իմացությունը պարտադիր է համարում:
«Այն ազգապահպանման գործում կարևոր և մնայուն դեր ունի: Ամեն հայ պետք է լավ իմանա իր ստեղծման, գոյության և պայքարի պատմությունը»:
Աննայի խոսքով, իր՝ օլիմպիադայի այսօրվա մասնակցությունը դպրոցի, պատմության ուսուցչուհու և քրտնաջան աշխատանքի արդյունքն են:
Աննան ԵՊՀ-ի ապագա դիմորդ է, և ինչպիսի արդյունքներ էլ որ գրանցի, պատրաստվում է դառնալ օրինակելի ուսանող:
Անգին Խաչատրյան