- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԿՀՐԱՏԱՐԱԿՎԵՆ ԱՌԱՆՁԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ
Դեկտեմբեր 08, 2022 | 12:15
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԿՀՐԱՏԱՐԱԿՎԵՆ ԱՌԱՆՁԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ
Մեկնարկեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների ամենամյա գիտական նստաշրջանը, որի ժամանակ ամփոփվեցին և քննարկվեցին նրանց գիտական աշխատանքների արդյունքները:
ԵՊՀ դատական նիստերի դահլիճում մեկնարկած ամենամյա 22-րդ գիտական նստաշրջանին ֆակուլտետի ասպիրանտներն ու հայցորդները մասնագիտական հանրույթին ներկայացրին իրենց ատենախոսության մաս կազմող որևէ թեմայի վերաբերյալ կատարած հետազոտությունները։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացված զեկուցումներից լավագույնները հոդվածների տեսքով, ամբիոնների պատասխանատվությամբ ու երաշխավորությամբ, կհրատարակվեն ֆակուլտետի «Պետություն և իրավունք» հանդեսի առանձին ժողովածուում, որը ներառված է ԲՈԿ-ի գիտական պարբերականների ցանկում և հասանելի է գիտական լայն հանրույթին: Դեկանը հավելեց, որ սա ևս ավանդույթ է, որն ինչ-որ առումով շահագրգռում է ասպիրանտ-հայցորդներին՝ գիտական հետազոտություններ կատարելու:
Գիտաժողովն անցկացվեց երեք բաժանմունքներում. առաջին բաժանմունքում զեկուցումներ ներկայացրին ԵՊՀ քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնների ասպիրանտներն ու հայցորդները: Նիստի երկրորդ բաժանմունքում զեկուցումներ ներկայացրին պետության և իրավունքի տեսության ու պատմության, սահմանադրական իրավունքի, եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնների, իսկ երրորդ բաժանմունքում՝ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի, քրեական իրավունքի ամբիոնների ասպիրանտներն ու հայցորդները: Գիտաժողովին մասնակցում են ֆակուլտետի 56 ասպիրանտներից և հայցորդներից 50-ը:
Տեղեկացնենք, որ օրերս կմեկնարկի նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի տարեկան գիտական նստաշրջանը: