- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ԱՐԴԻ ՓՈՒԼԸ
Հուլիս 20, 2022 | 16:26
Կրթություն
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ԱՐԴԻ ՓՈՒԼԸ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Ժողովրդագրական անցման արդի փուլը ՀՀ-ում (2020 թ. Արցախյան պատերազմի և COVID-19 համավարակի ազդեցության գնահատմամբ)» գիտական թեման։ Թեմայի մասին զրուցել ենք ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․, ծրագրի ղեկավար Միքայել Մալխասյանի և գիտական խմբի անդամ Արմեն Խաչիկյանի հետ:
Ծրագրի նպատակն է համալիր ուսումնասիրությամբ քննել պատերազմի և համավարակի հետևանքների ազդեցությունը ՀՀ-ում ժողովրդագրական անցման արդի փուլի համատեքստում։
Անդրադառնալով ծրագրի իրականացման ընթացքին՝ Մ. Մալխասյանը նշեց․ «Քանի որ պատերազմը և համավարակը տարբեր երևույթներ են, հետևաբար հետազոտական ծրագրի նպատակին հասնելու համար առաջնային խնդիրն է ուսումնասիրել և քննել նրանցից յուրաքանչյուրի ժողովրդագրական ազդեցությունը առանձին-առանձին, այնուհետև՝ ընդհանուր ազդեցությունը բնակչության վերարտադրության և ժողովրդագրական այլ բաղադրիչների վրա»։
Խոսելով առաջադրված նպատակի ամբողջական իրագործումից՝ ծրագրի ղեկավարն ընդգծեց․ «Ծրագրի շրջանակում իրագործվող հետազոտությունը դեռևս պետք է շարունակվի, քանի որ դեռևս վերջնական չեն թվաքանակի մասին տվյալները և COVID-19 համավարակն ավարտված չէ»։
Մ. Մալխասյանն ասաց, որ ժողովրդագրական միկրոանալիզի սկզբունքներով գնահատվելու են Արցախյան 2020 թ. պատերազմի և կորոնավիրուսային հիվանդության համավարակի ժողովրդագրական հետևանքները, որոնցով գնահատվելու են բնակչության աճի, մահացության, պտղաբերության, ամուսնության և միգրացիայի փոփոխության միտումները։
«Կքննարկվեն ինչպես էմպիրիկ, այնպես էլ մոդելի վրա հիմնված մեթոդներ՝ ժողովրդագրական գործընթացների նկարագրության, առաջ քաշվելիք վարկած(ներ)ի կանխատեսման համար»,- հավելեց դոցենտը։
Գիտական թեմայի հետազոտության շրջանակում ենթադրվում է առնվազն 4 գիտական հոդվածների հրատարակում, մի քանի գիտաժողովների մասնակցություն, ԵՊՀ-ում սեմինարների և դասախոսությունների անցկացում, հեռուստատեսային գիտահանրամատչելի ելույթների տեսագրում, իսկ ծրագրի ավարտին՝ մենագրության հրատարակում, որտեղ արտացոլված դրույթները կարող են ներառել նաև ժողովրդագրական քաղաքականության ոլորտում համապատասխան փոփոխություններ իրականացնելու գործնական առաջարկներ։
Նշենք, որ Միքայել Մալխասյանը պատմական ժողովրդագրության ոլորտում տասնյակ հոդվածների և մի քանի մենագրությունների հեղինակ է։
Հետազոտությունն իրականացնող գիտական թիմի անդամ է նաև ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Արմեն Խաչիկյանը, ում գիտական ուսումնասիրությունները ռազմական սոցիոլոգիայի ոլորտում են։ Նա ունի նշված ոլորտում ոչ միայն գիտական հոդվածներ հրատարակելու, այլև գործնական աշխատանք կատարելու փորձ։
Երկու մասնագետները միասին աշխատում են 2019 թվականից: Նրանք կազմակերպել են նաև «ՀՀ բնակչության բնական աճի դինամիկան, պատմական միտումներն ու առկա մարտահրավերները» խորագրով սեմինար-քննարկում ԵՊՀ-ում, այնուհետև ԱՄՆ Սեյնթ Ջոնս համալսարանի (Նյու Յորք) պրոֆեսոր, Ֆորդհեմի համալսարանի աստվածաբանության դոկտոր Տեր Աբրահամ (Մանուկ) քահանա Մալխասյանի մասնակցությամբ ԵՊՀ «Հայագիտության հարցեր» պարբերականում հրատարակել են համահեղինակությամբ երկրորդ հոդվածը՝ «ՀՀ բնակչության բնական աճը ժողովրդագրական անցման արդի փուլի համատեքստում. միտումներ և մարտահրավերներ» վերտառությամբ։
Կարինե Հովհաննիսյան