- Գլխավոր
- Նորություններ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԱՐՎՈՂ ՔԱՅԼԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 04, 2022 | 16:29
Կրթություն
Գիտություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԱՐՎՈՂ ՔԱՅԼԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայի՝ բնապահպանական հարցերով արդարադատության մատչելիության չափորոշիչների քննարկում:
Կազմակերպված միջոցառման նպատակն էր տարբեր նախարարությունների, դատական համակարգի ներկայացուցիչների, իրավաբան-փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել Օրհուսի կոնվենցիայի՝ Հայաստանի Հանրապետությունում առկա բնապահպանական հարցերով արդարադատության մատչելիության իրավունքի իրացման խոչընդոտները, գործընթացի թերություններն ու առավելությունները:
Քննարկման արդյունքները կարևոր են Եվրոպական տնտեսական հանձնաժողովի՝ Օրհուսի կոնվենցիային անդամակցող երկրներին (այդ թվում՝ Հայաստանին) ներկայացրած՝ բնապահպանական հարցերով արդարադատության մատչելիության միջոցառումների թեմայով հարցաթերթիկը լրացնելու համար:
ԵՊՀ Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանը, մեզ հետ զրույցում խոսելով այսպիսի հանդիպումների կարևորությունից, ասաց՝ երբ երկիրը վավերացնում է որևէ միջազգային կոնվենցիա, դրանով իսկ ստանձնում է որոշակի պարտավորություններ, և դրանց իրագործման ճանապարհին այսպիսի քննարկումները խիստ առաջնային նշանակություն ունեն՝ կազմելու համար այնպիսի փաստաթուղթ, որը համապարփակ ու լիարժեք կներկայացնի ՀՀ-ի հասարակության և պետական մարմինների դիրքորոշումը:
Նշենք, որ քննարկումը կազմակերպվեց ԵՊՀ Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ: