- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒԽ-Ն ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆՈՒՄ Է ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հոկտեմբեր 17, 2018 | 16:43
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԽ-Ն ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆՈՒՄ Է ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այսօր մեկնարկեց ԵՊՀ ՈԻԽ-ի իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Իրազեկում. բողոքարկում և լուծարքներ» ծրագիրը:
Իրազեկման ծրագրի նպատակն ուսանողներին բողոքարկման և լուծարքների հանձնման ընթացակարգերի առանձնահատկություններին, ինչպես նաև տվյալ իրադրություններում նրանց իրավունքներին ծանոթացնելն է:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ՈՒԽ-ի իրավական հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Սողոյանն ասաց, որ կառույցի հիմնական նպատակներից մեկը ոչ միայն ուսանողների իրավունքների պաշտպանությունն է, այլև նրանց իրավագիտակցության բարձրացման խթանումը, որին էլ ուղղված է այս ծրագիրը:
«Ի դեպ, մեր հանձնաժողովի գործունեության ուղղություններից մեկն էլ ուսանողներին որպես իրավագիտակից քաղաքացի կայանալու խթանումն է, որին ուղղված միջոցառումներ ևս կկազմակերպենք առաջիկայում: Այս անգամ ընտրել ենք այս թեմաները, քանի որ հենց այս երկու իրադրություններն են, որոնց առնչությամբ ուսանողներն ամենից շատն են դիմում ՈԻԽ-ին»,- մեզ հետ զրույցում փաստեց Տաթևիկ Սողոյանը:
Իրավական հանձնաժողովի նախագահն ասաց, որ իրազեկման ծրագիրն այսօր անց է կացվել ԵՊՀ կենտրոնական և 7-րդ մասնաշենքերում տեղակայված ֆակուլտետների ուսանողների համար, իսկ վաղն այն կանցկացվի արդեն ԵՊՀ 6-րդ և 8-րդ մասնաշենքերում տեղակայված ֆակուլտետների ուսանողների համար:
Ծրագրի բանախոսներն ուսանողներին հավաստիացրին, որ ամփոփիչ քննությունների ժամանակ, երբ դասախոսը գնահատականն անցկացնում է ամփոփագրում, այն կարելի է վիճարկել և փոփոխել գնահատականը. «Երբ գնահատականն անցկացվում է արդեն, ուսանողների մոտ հոգեբանական փակուղի է ստեղծվում, դասախոսներն էլ երբեմն մտածում են, որ դա վերջնական գնահատականն է, բայց եթե դուք համաձայն չեք, ապա անպայման բողոքարկեք»:
Խոսելով լուծարքների մասին՝ միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ ըստ կանոնակարգերի՝ ուսանողները կարող են ոչ վճարովի լուծարքային շրջանին մասնակցել երկու անգամ. «Նշենք, որ թյուր է այն կարծիքը, թե ուսանողը կարող է անվերջ նույն առարկայից լուծարք ունենալ»:
Ի դեպ, ծրագրի շրջանակում ուսանողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկում են Իրավական հանձնաժողովի այն ուսանողները, որոնք չեն սովորում Իրավագիտության ֆակուլտետում. այլ ֆակուլտետներից են: Հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Սողոյանի խոսքով՝ այդ քայլը հատուկ են մտածել, որ տեղեկատվությունը առավելագույնս մատչելի փոխանցվի:
Բանախոսները հավաստիացրին նաև, որ բոլոր այն ուսանողները, ովքեր հարցեր ունեն և կարծում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, կարող են դիմել ՈՒԽ-ին. կառույցը կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու և աջակցելու համար:
Ի դեպ, վերջերս ԵՊՀ-ում սովորող ուսանողուհիներից մեկը դիմել է կառույցին հետևյալ խնդրով. նրա խոսքով՝ իր ամբիոնի վարիչը քննության լուծարքը նշանակելու համար իրեն առաջարկել է մասնավոր պարապել հենց ամբիոնի դասախոսներից որևէ մեկի մոտ: Ուսանողը չի հաճախել պարապմունքներին, ինչի հետևանքով, ըստ ուսանողի, քննության ժամանակ իր հանդեպ կողմնակալ վերաբերմունք է դրսևորվել՝ իրեն կանգնեցնելով համալսարանից դուրս մնալու շեմին:
ԵՊՀ գիտական խորհրդի հերթական նիստում ՈԻԽ-ն բարձրաձայնել է խնդիրը: Ռեկտորի կողմից ձևավորել է էթիկայի հանձնաժողով, որը փորձելու է հարցը պարզաբանել հնարավորինս արագ: Էթիկայի հանձնաժողովում ներգրավված են նաև ուսխորհրդականները:
Հիշեցնենք, որ ծրագիրն անցկացվելու է նաև վաղը՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում:
Քնար Միսակյան