- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՐԱԶԵԿՈՒՄ. ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Մարտ 25, 2019 | 15:51
Կրթություն
«ԻՐԱԶԵԿՈՒՄ. ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈԻԽ-ի իրավական հանձնաժողովի կողմից այսօր կազմակերպվել էր «Իրազեկում. բողոքարկում և լուծարքներ» թեմայով քննարկում:
Իրազեկման ծրագրի նպատակն ուսանողներին բողոքարկման և լուծարքների հանձնման ընթացակարգերի առանձնահատկություններին, ինչպես նաև տվյալ իրադրություններում նրանց իրավունքներին ծանոթացնելն է:
Հանդիպման սկզբում ԵՊՀ ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովի փոխնախագահ Կարոլինա Հարությունյանը ողջունեց ներկաներին և ասաց, որ հանդիպման ընթացքում իրենք պարզաբանելու են գնահատականների բողոքարկման ընթացակարգը, բացատրելու են լուծարքային շրջանի առանձնահատկություններն ու պատասխանելու են ուսանողների հարցերին։
«Իրազեկում. բողոքարկում և լուծարքներ» ծրագրի բանախոսներն էին ԵՊՀ ՈՒԽ անդամներ, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի իրավական հանձնաժողովի պատասխանատու Մերի Մարգարյանը ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի իրավական հանձնաժողովի պատասխանատու Էլլա Մովսեսյանը։
«Բողոքարկումն ուսանողի հնարավորությունն է քննության, միջանկյալ և ամփոփիչ քննության կամ ստուգարքի գնահատականը բարձրացնելու»,- ասաց Մերի Մարգարյանը և հավելեց, որ բողոքարկման արդյունքում ուսանողի ստացած գնահատականը կարող է բարձրացվել, բայց ոչ երբեք նվազեցվել։
Նա ներկայացրեց բողոքարկման ընթացակարգը՝ պարզաբանելով, որ կան բողոքարկման մի քանի ատյաններ. սկզբում ուսանողը բողոքարկում է իր գնահատականը դասախոսի, ցանկալի արդյունքի չհասնելու դեպքում՝ ամբիոնի վարիչի մոտ, հետո ֆակուլտետի դեկանի, իսկ վերջում բողոքարկման հանձնաժողովին։
Բանախոսները նշեցին, որ առաջին լուծարքային շրջանում քննությունը հանձնած ուսանողը չի զրկվում իր ուսանողական արտոնություններից՝ անվճար ուսում կամ որևէ զեղչ։ Բացի դրանից՝ նրանք ասացին, որ Ուսումնամեթոդական վարչությունը պարզաբանել է, որ քննությանը չներկայանալու համար հարգելի պատճառ են համարվում այն հիվանդությունները, որոնց դեպքում անձը ֆիզիկապես ի վիճակի չի լինում ներկայանալ։
Հանդիպման ընթացքում ԵՊՀ ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովի անդամները պատասխանեցին ուսանողների հարցերին, պարզաբանեցին նրանց համար տարբեր դրույթներ՝ կապված բանավոր և գրավոր քննությունների գնահատականները բողոքարկելու ու որոշակի գումարով ևս մեկ անգամ լուծարք հանձնելու հարցերի հետ։