- Գլխավոր
- Նորություններ
- ՔԵՄԲՐԻՋԻ ԵՎ ԷԴԻՆԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 15, 2022 | 16:25
Կրթություն
Գիտություն
ՔԵՄԲՐԻՋԻ ԵՎ ԷԴԻՆԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը կազմակերպում է դասընթաց, որի շրջանակում Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների չորս ուսանողներ մեկ կիսամյակում ամրապնդելու են իրենց՝ իրանագիտության ոլորտի և պարսկերենի գիտելիքները:
ԵՊՀ-ն, կատարելով համալսարանի ռազմավարական նպատակների հիմնասյուները հանդիսացող գործառույթներ, ապահովում է որակյալ կրթություն նաև օտարերկրյա ուսանողների համար, օրավուր ընդլայնում է միջազգային կրթական հաստատությունների հետ համագործակցության շրջանակը՝ շարունակաբար ստեղծելով կապեր հայ և օտարերկրյա հետազոտող-դասախոսների միջև և օժանդակելով բուհի միջազգայնացման գործընթացին:
Եվրոպական բուհերում սովորող ուսանողները հնարավորություն են ունենում մասնակցելու կրթական կառույցների միջև համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերին, որոնք հաղթելու դեպքում ստանում են կրթաթոշակ:
Համագործակցային այս ծրագրի շրջանակում տրված կրթաթոշակը հնարավորություն է տալիս ընտրելու համալսարան, որտեղ ուսանողները կմասնակցեն որևէ դասընթացի: Երևանի պետական համալսարանն իր նախաձեռնողականության և միջազգային ամուր կապերի շնորհիվ ստացել է հնարավորություն լինելու այն բուհերից մեկը, որտեղ ուսանողները կարող են դիմել և շարունակել ուսումնառությունը:
Երևանի պետական համալսարանում այժմ կրթություն է ստանում Էդինբուրգի համալսարանից մեկ, Քեմբրիջի համալսարանից՝ երեք ուսանող: Նրանց համար առանձին մշակված ծրագրի շրջանակում դասավանդումը կազմակերպվում է անգլերենով, դասերի մի մասը՝ պարսկերենով:
Թեև դասընթացը միտված է պարսկերենի ուսումնասիրությանը և դասավանդմանը, կան նաև տեսական առարկաներ, որոնք վերաբերում են Իրանի մշակույթին, պատմությանը, իրանական գրականությանը և այլն:
Բացի պարտադիր առարկաներից, որոնք շաբաթական 16 ակադեմիական ժամ են՝ ուսանողների համար նախատեսված է նաև հայոց լեզվի դասընթաց, որի շրջանակում նրանք ծանոթանում են մեր երկրի մշակույթին, պատմությանը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային և պատմական փոխառություններին: Ուսանողները գիտաճանաչողական այցեր են կատարում Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, գիտակրթական հաստատություններ:
Այս համագործակցությունը կարևոր է թե՛ գիտական-ակադեմիական, թե՛ միջհամալսարանական փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից: Այն ԵՊՀ-ի բարձր վարկանիշի, որակյալ կրթության, հմուտ դասախոսների և գիտնականների, միջազգային ամուր կապերի առկայության ցուցիչ է: Այսօրինակ փոխգործակցություններն ընդգծում են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի կրթական որակն ու ճանաչումը, ինչի շնորհիվ եվրոպական նշանավոր համալսարանների ուսանողները նախընտրել են ուսումնառությունը շարունակել այստեղ:
Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարաններից ժամանած և ԵՊՀ-ում կրթություն ստացող ուսանողները մեզ հետ զրույցում նշեցին, որ նպատակ ունեն այստեղ ստացած ակադեմիական գիտելիքները կիրառելու՝ գիտակրթական տարբեր հաստատություններում, համալսարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում և այլուր գիտական գործունեությամբ զբաղվելով։
Երկկողմ համագործակցությունը կարող է հիմք դառնալ հետագայում ծրագրի շարունակականության և եվրոպական այլ պետություններից ուսանողների ներգրավման շրջանակն ընդլայնելու համար: Արդեն իսկ սկսվել են բանակցություններն Էդինբուրգի համալսարանի հետ, որը ԵՊՀ գործընկերներից է և կատարում է ԵՊՀ կրթական ծրագրերին մասնակցել ցանկացող ուսանողների հավաքագրում, ապա կազմակերպում նրանց՝ ԵՊՀ-ում ուսումնառության գործընթացը:
Այսօրինակ ծրագրերը նախատեսված են այն ուսանողների համար, որոնք ցանկություն ունեն կատարելագործելու իրենց լեզվական և երկրագիտական գիտելիքները: Նախատեսվում է հաջորդ տարի ծրագրում ներառել նաև Օքսֆորդի համալսարանի ուսանողներին: