- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑ
Նոյեմբեր 15, 2022 | 12:16
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑ
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողները նոյեմբերի 11-13-ը մասնակցել են ՄԱԿ-ի` փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կազմակերպած «Փախստականների իրավունք» խորագրով 11-րդ դպրոցին՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ:
Դիլիջանում անցկացված աշնանային դպրոցի նպատակն էր խթանել փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում կլինիկական կրթության զարգացումը և ընդլայնել հանրապետության տարբեր բուհերի իրավաբանական կլինիկաների միջև համագործակցությունը:
Դպրոցին մասնակցել է 25 ուսանող՝ Երևանի պետական համալսարանի, «Գլաձոր» համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Գյումրու «Պրոգրես» համալսարանի և Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկաներից։
Հատկանշական է, որ երեք օրերի ընթացքում ապագա իրավաբանները գիտելիքներ են ստացել փախստականների միջազգային պաշտպանության, փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրման ընթացակարգերի, ներառման, բացառման և դադարեցման դրույթների, ՀՀ միգրացիոն ծառայության կատարած՝ ապաստանի որոշման ընթացակարգերի և այլ թեմաների վերաբերյալ։
Կարևոր է նաև այն, որ դպրոցի շրջանակում, վերը թվարկված բուհերի դասախոսական կազմից բացի, դասախոսությամբ հանդես են եկել նաև միջազգային կառույցների (ՄԱԿ-ի՝ փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակ), ներպետական մարմինների (ՀՀ միգրացիոն պետական ծառայություն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան), ինչպես նաև հասարակական կազմակերպությունների («Առաքելություն Հայաստան» ՀԿ) ներկայացուցիչներ և փորձագետներ:
Նշենք, որ մասնագիտական գիտելիքներից զատ՝ ուսանողները տեղեկացել են նաև ԵՊՀ-ի, Գավառի և Գյումրու համալսարանների իրավաբանական կլինիկաների ուսանողների՝ ավագ դպրոցների սովորողների համար իրագործվող «Իրավունք բոլորի համար» ծրագրի մանրամասներին և իրազեկվել իրավաբանական կլինիկաների պրակտիկ գործունեության մասին: