- Գլխավոր
- Նորություններ
- «ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՎԱԼԵՆ ԹԵ՛ ԳԻՏԱԿԱՆ, ԹԵ՛ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՔ Է ՎԱՅԵԼԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐ». ՀԱՄԼԵՏ ՍԻՄՈՆՅԱՆ
Մայիս 07, 2022 | 14:57
Կրթություն
«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՎԱԼԵՆ ԹԵ՛ ԳԻՏԱԿԱՆ, ԹԵ՛ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՔ Է ՎԱՅԵԼԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐ». ՀԱՄԼԵՏ ՍԻՄՈՆՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Համլետ Սիմոնյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Համլետ Սիմոնյանի հետ զրուցել ենք մրցույթին մասնակցության, ուսանողական կյանքի, իր անցած ուղու, ապագայի ծրագրերի ու երազանքների մասին:
Փիլիսոփայի մասնագիտությունն ընտրած, սակայն լրագրությամբ ու ճափորդություններով հետաքրքրված երիտասարդը, նախքան լավագույն ուսանող դառնալը, հասցրել է «Էրազմուս+» ծրագրով մեկնել ու կրթություն ստանալ նաև արտերկրում:
«Սիրում եմ ուսումնասիրել միմյանց հետ կապ չունեցող տարբեր ոլորտներ ու մասնագիտություններ: Կարծում եմ՝ մարդ պետք է իրեն փորձի տարբեր ոլորտներում»:
«Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթելուց առաջ Համլետը երկար ճանապարհ պիտի անցներ:
«Բակալավրիատի չորրորդ կուրսում դիմեցի մրցույթին, սակայն չստացվեց: Իրականում սա ինձ համար հրաշալի առիթ դարձավ՝ ինքնազարգացման և գիտության բնագավառում մեծ նվաճումներ գրանցելու համար: Յուրաքանչյուր իրավիճակում հնարավոր է գտնել մոտիվացիայի աղբյուր»:
Բակալավրիատում չհաջողվեց դառնալ լավագույն ուսանող, իսկ այժմ վստահ դիմեց, որովհետև գիտեր՝ հաստատ հաղթելու է:
«Մեր երկրում կրթության ու գիտության զարգացումը բավականին կարևոր է: Իմ կարծիքով՝ շատ գովելի է, որ ՀՀ-ում կազմակերպվում են նման մրցույթներ, որ երիտասարդներին իրենց գիտելիքները ցույց տալու հնարավորություն են տալիս: Նմանատիպ մրցույթները ևս մեկ անգամ ընդգծում են այն, որ Հայաստանում կա գիտություն, իսկ կրթությունն էլ բարձր մակարդակի է»:
Համլետի գիտական հետաքրքրությունները սոցիալական արդարության շուրջ են, մասնավորապես՝ միջսերնդային արդարության:
«Բուհում գիտությամբ զբաղվելը կրթության գործընթացում առավել ներգրավվելու, գիտության տվյալ բնագավառում նշանակալի փոփոխություններ կատարելու և զարգացնելու հնարավորություններ է ստեղծում: Կրթությունս ասպիրանտուրայում շարունակելու ուղղությամբ արդեն աշխատում եմ. չեմ ցանկանում գնալ համալսարանից, որովհետև այն շատ եմ սիրում: Կարծում եմ՝ կարող եմ փոքր ձևով նպաստել, որ համալսարանում կրթությունը էլ ավելի բարելավվի: Դասավանդման հետ կապված պլաններ ևս ունեմ»:
Գիտական գործունեություն ծավալելուց բացի՝ Համլետը շատ է կարևորում նաև ուսանողական կյանքը:
«Ցանկանում եմ, որ Մայր բուհում սովորող ուսանողները ծավալեն թե՛ գիտական, թե՛ հասարակական ակտիվ գործունեություն. պետք է վայելել համալսարանում անցկացրած յուրաքանչյուր օր»:
Այն ուսանողներին, որոնք պատրաստվում են դիմել մրցույթին, Համլետը խորհուրդ տվեց չերկմտել և միշտ պայքարել:
«Պետք է փորձել ու չկոտրվել. եթե անգամ ինձ նման սկզբում չհաջողեք, դա թող պատճառ չլինի, որ հետ կանգնեք ձեր նպատակներից»: