- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՊԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Դեկտեմբեր 12, 2022 | 16:09
Կրթություն
Գիտություն
ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՊԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Ս.թ. դեկտեմբերի 8-ին ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի՝ «HELP» դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները ստացել են հավաստագրեր:
Հայ և օտարերկրյա ուսանողները մասնակցել են Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախաձեռնած «Ապաստանը և մարդու իրավունքները» խորագրով առցանց դասընթացին, որն անցկացվում էր «HELP» հարթակում: Դասընթացի ծրագիրն իրագործվել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և ԵԽ արդարադատության և մարդու իրավունքների ուսուցման բաժնի («HELP» քարտուղարություն), ինչպես նաև ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ) համագործակցության շրջանակում:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Միրզոյանը, շնորհավորելով ուսանողներին դասընթացի հաջող ավարտի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց «HELP» քարտուղարությանը և ՄԱԿ ՓԳՀ-ին գործընկերության և համագործակցության համար:
«Մենք կշարունակենք համագործակցությունը՝ մասնակցելով «HELP» հարթակի այլ դասընթացների, որոնց բովանդակային կողմը մոտ է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ծրագրերի բովանդակային պլանին»,- շեշտեց Լ. Միրզոյանը:
ԵԽ երևանյան գրասենյակի ծրագրի պատասխանատու և «HELP» դասընթացների համակարգող Աննա Սահակյանն ասաց. «Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին այս կարևոր նվաճման համար և շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակին, Ստրասբուրգի մեր գործընկերներին, ինչպես նաև Սերգեյ Ղազինյանին այս կարևոր դասընթացը կյանքի կոչելու համար։
Հուսով եմ՝ այս ժամանակահատվածում ստացած գիտելիքներն ուսանողներին մեծապես կօգնեն հետագայում աշխատանքային գործունեություն ծավալելիս»:
Միջոցառմանը ՄԱԿ ՓԳՀ-ի Հայաստանի իրավաբանական վարչության ներկայացուցիչ Նաիրա Մարությանը ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեությունը:
«Նշանակալի է, որ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ուսանողների առաջին խումբը հաջողությամբ ավարտեց դասընթացը: Այն դրական արձագանքը, որ մենք ստացել ենք, իսկապես ոգևորիչ և ոգեշնչող է բոլորիս համար: Այսպիսով՝ լիահույս ենք, որ դասընթացը շուտով կներառվի ֆակուլտետի ուսումնական ծրագրում»,- նշեց Ն. Մարությանը:
ԵՊՀ դասախոս, դասընթացավար Սերգեյ Ղազինյանը մասնակիցներին տեղեկացրեց «HELP» հարթակի դասընթացները CES-ի երկու մագիստրոսական ծրագրերում ներառելու մասին և իր երախտագիտությունը հայտնեց ուսանողներին ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև տեղեկացրեց ինքնուսուցման ձևաչափով այլ դասընթացների կիրառման մասին:
Նշենք, որ այսօրինակ միջոցառումները նպատակ ունեն ընդլայնելու ԵՊՀ ուսանողների կարողությունների և հմտությունների մասնագիտական շրջանակը: