- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ
Հոկտեմբեր 21, 2022 | 14:43
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ
Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում շարունակաբար բարեփոխումներ են կատարվում կրթության որակի բարելավման, ուսանողների գործնական հմտությունների ամրապնդման, միջազգային գիտական գործունեություն ծավալելու և մի շարք այլ ուղղություններով: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ևս անմասն չէ այդ գործընթացից:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում կատարվող բարեփոխումների մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Խաչատուր Ներկարարյանի հետ:
Դեկանի խոսքով՝ ֆակուլտետի դեմքը որոշում են կրթական ծրագրերը: Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում ձևավորվել է բակալավրիատի նոր կրթական ծրագիր, որն ավելի ընդգրկուն է, համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և աշխատաշուկայի պահանջներին:
«Մեր ֆակուլտետում գործող կրթական ծրագրերը շատ են. այժմ փորձում ենք դրանց թիվը նվազեցնել և դարձնել ավելի ընդգրկուն. նախատեսում ենք հաջորդ տարվանից դրանք միավորել մեկ ծրագրի մեջ: Սա հիմնավորվում է նրանով, որ հակված ենք ֆակուլտետի կրթական ծրագրերը աշխարհի առաջատար համալսարանների ծրագրերին համապատասխանեցնելուն: Մեզ համար շատ կարևոր է նաև մեր ուսանողներին աշխատանքով ապահովելը, ինչը տևական ժամանակ է իրագործում ենք ձեռնարկությունների հետ պայմանագրային հիմունքներով համագործակցությունների միջոցով»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց ֆակուլտետի դեկանը:
Խ. Ներկարարյանի խոսքով՝ առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները միասին կսովորեն, իսկ երրորդ կուրսից կառանձնացվեն՝ ըստ մասնագիտացումների:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի բարեփոխումների ծրագրում առաջնային է նաև նոր լաբորատորիաների ստեղծումը, անհատական և հետազոտական աշխատանքների քանակի ավելացումը՝ այդպիսով երիտասարդ գիտնականներին ու հետազոտողներին էլ ավելի մոտեցնելով գիտությանը:
«Անչափ կարևորում ենք և փորձում անել ամեն բան, որպեսզի մեր ֆակուլտետի ուսանողները և երիտասարդ հետազոտողները մասնակցեն միջազգային գիտաժողովների, մուտք գործեն միջազգային գիտության ասպարեզ, հետազոտություններ կատարեն, ներգրավվեն գիտության մեջ և հասնեն բարձունքների»,- նշեց Խ. Ներկարարյանը:
Նա փաստեց, որ ֆակուլտետը երիտասարդ հետազտողներին գիտության մեջ ներգրավելու փորձ վաղուց ունի. կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնը բազային ֆինանսավորումից մագիստրոսներին հատկացնում է գումար՝ թոշակի կամ աշխատանքային վարձավճարի տեսքով, ինչը, իհարկե, շարունակական է լինելու:
«Այս հանգամանքը, անշուշտ, ոգևորում է նրանց, հնարավորություն տալիս ավելի լուրջ մոտենալու այն հետազոտություններին ու դասընթացներին, որոնք կան կրթական ծրագրում»,- ասաց ֆակուլտետի դեկանը:
Խ. Ներկարարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև գիտական ֆինանսավորմանը, նշելով, որ դրամշնորհների թվի մոտավորապես երկու անգամ ավելացումը ֆակուլտետին բազում հաջողություններ է բերել:
«Ուրախությամբ պետք է ասեմ, որ ռադիոֆիզիկայի ֆակուլտետն այս առումով ևս առանձնանում է: Ֆակուլտետում ակնհայտորեն ավելացել է միջազգային բարձրորակ ամսագրերում տպագրված հոդվածների քանակը: Այս հանգամանքն ավելի է ոգևորում մեր երիտասարդ հետազոտողներին և գիտնականներին՝ աշխատելու և հաջողությունների հասնելու»,- ասաց Խ. Ներկարարյանը:
Նա հավելեց, որ ինժեներական տարբեր հաստատությունները փորձում են կապ հաստատել ու համագործակցել Երևանի պետական համալսարանի հետ, ինչը փաստում է ուսանողների մեծ պոտենցիալի մասին:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, մշտապես հաշվի առնելով ուսանողների կարծիքը, ցանկություններն ու տեսակետները, շարունակական բնույթ ունեցող բարեփոխումների շնորհիվ ֆակուլտետի ուսանողների՝ գիտական ոլորտում հաջողությունների հասնելուն օժանդակելու համար անում է հնարավոր ու անհնարին թվացող ամեն բան՝ տալով բարձրորակ կրթություն, զինելով համապատասխան գիտելիքներով, նպաստելով մասնագիտական ոլորտում աշխատելուն և այլն: