- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒԽ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՄԱԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբեր 15, 2022 | 17:06
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒԽ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՄԱԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցած ընկերական խաղով, որին մասնակցում էին նախորդ առաջնությունում հաջողություն գրանցած թիմերը, ազդարարվեց ՈՒԽ բանավեճի ակումբի համաբուհական առաջնության մեկնարկը:
Ընկերական խաղը, որը գնահատեց պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներով համալրված պրոֆեսիոնալ ժյուրին, նպատակ ուներ բանավիճող թիմերին ծանոթացնելու բուհում անցկացվող առաջնության ձևաչափին:
Նշենք, որ համաբուհական առաջնության գլխավոր նպատակներն են ԵՊՀ և այլ համալսարանների ուսանողների համար ինքնակրթության և օրակարգային հարցեր բարձրաձայնելու հարթակ ստեղծելը և միջբուհական կապերն ամրապնդելը։
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն անդրադարձավ բանավեճի ակումբի ստեղծմանը: Խոսելով բանավիճելու հմտություններ ունենալու կարևորությունից՝ Դ. Ափոյանն ընդգծեց. «Բանավեճն այն եզակի ինստիտուտներից է, որը պատմության ցանկացած փուլում եղել և մնում է արդիական: Համալսարանում բանավեճի ակումբը ձևավորվել է 2013 թվականին՝ ստեղծելով հնարավորություն, որ ուսանողներն ունենան և զարգացնեն սեփական համոզմունքները, ինչպես նաև առանձնահատուկ գաղափարներով պայքարեն դրանց համար: Լիահույս եմ, որ բանավեճի այս առաջնությունը ուսանողների շրջանում կձևավորի նոր համոզմունքներ»:
Բանավեճի ակումբի նախագահ Աննա Դարբինյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ բանավեճի ակումբի ընձեռած հնարավորություններին: Նրա խոսքով՝ այն, որ ԵՊՀ ՈՒԽ-ն հյուրընկալում է առաջնության թիմերին, կազմակերպում և անցկացնում մրցաշար, արդեն իսկ խոսում է համալսարանի բարձր հեղինակության և նախաձեռնողականության մասին:
«Պակաս կարևոր չէ մյուս համալսարանների ուսանողների հետաքրքրությունն ու մասնակցությունը, ինչի շնորհիվ, կարծում եմ, փորձի փոխանակում կստացվի, և առաջնությունն այդ առումով ևս ստացված կհամարվի։ Բացի դրանից՝ բանավիճելը միշտ զարգացնում է անձնային կարողություններն ու հմտությունները, ինչին, վստահաբար կարող եմ ասել, կնպաստի առաջնությունը»,- նշեց բանավեճի ակումբի նախագահը։
Հատկանշական է, որ առաջնությանը մասնակցելու համար դիմել են Երևանի գրեթե բոլոր համալսարաններից ներկայացուցչական և հավաքական թիմեր, սակայն միայն լավագույն տասներկուսն են հաղթահարել վարկանիշավորման փուլը։
Մեզ հետ զրույցում «Ֆաուստո» թիմի ներկայացուցիչներն անդրադարձան առաջնությանն իրենց մասնակցությանը: Նրանց խոսքով՝ այն հնարավորություն է տալիս ընդլայնելու կապերն այլ համալսարանների ներկայացուցիչների հետ և ձեռք բերելու բանավիճելու նոր հմտություններ:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, թիմի ներկայացուցիչ Անի Հակոբյանը վկայեց, որ սա լավ հնարավորություն է հասկանալու Հայաստանի տարբեր համալսարանների ուսանողների մտածելակերպը, ինչպես նաև ձևավորելու համագործակցային նոր կապեր:
Մեզ հետ զրույցում թիմի մեկ այլ անդամ, Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանող Վան Համբարձումյանը նշեց. «Ծանոթ լինելով Հայաստանի կրթական համակարգին՝ պիտի խոստովանեմ, որ ՀՀ բուհերի ուսանողական կառույցների համեմատ՝ ԵՊՀ ՈՒԽ-ն հավասարը չունի: Ցանկանում եմ իմ մասնակցությամբ առավել լավ ծանոթանալ կառույցի գործունեությանն ու այդ փորձը կիրառել համալսարանում, որտեղ ես եմ սովորում»:
Թիմի մեկ այլ անդամի՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող Մարկ Պետրոսյանի կարծիքով էլ առաջնությունը կնպաստի իրենց մտահորիզոնի ընդլայնմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի քննարկելու այնպիսի թեմաներ, որոնք դեռ չեն դարձել քննարկման առարկա: