- Գլխավոր
- Նորություններ
- «ՔԻՄԻԱՆ ԲՆՈՒԹՅԱՆԸ ՆՄԱՆՎԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՊԵՍ ՍՏԵՂԾԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՓՈՐՁ Է». ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ապրիլ 23, 2022 | 00:52
Կրթություն
Գիտություն
«ՔԻՄԻԱՆ ԲՆՈՒԹՅԱՆԸ ՆՄԱՆՎԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՊԵՍ ՍՏԵՂԾԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՓՈՐՁ Է». ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող, ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արտյոմ Պետրոսյանը բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում բնագիտական ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր է: Արտյոմի հետ զրուցել ենք մասնագիտության հանդեպ հետաքրքրության, ԵՊՀ-ում հանդիպած խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին:
Պատմում է ինքը՝ Արտյոմը…
Ես Արտյոմ Պետրոսյանն եմ…
Մեծացել եմ Վանաձորում: Ավարտել եմ Վանաձորի «Էվրիկա» դպրոցը, որից հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ։ Այժմ սովորում եմ բակալավրիատի երկրորդ կուրսում։ Ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահն եմ: Սովորելուց զատ՝ ներգրավված եմ Օրգանական քիմիայի ամբիոնի գիտական խմբերից մեկի հետազոտական աշխատանքներում, ինչի համար էլ օրվա հիմնական մասն անցկացնում եմ համալսարանում։
Դեռևս մանկուց ինձ միշտ հետաքրքրել են բնագիտական առարկաները, քանի որ դրանց մեջ են թաքնված բնության ողջ գեղեցկությունն ու կատարելությունը։
Քիմիայի ուղղությամբ ուսումս շարունակելու ցանկությունն իմ մեջ արթնացրել է ուսուցչուհիս, որի խորհրդով դեռ փոքր տարիքից մասնակցել եմ մի շարք օլիմպիադաների և մրցույթների։ Դրանց ժամանակ էլ հասկացել եմ քիմիայի խորությունն ու հետաքրքրությունը և հաստատ որոշում կայացրել հենց այս ուղղությամբ մասնագիտանալու։ Այն ժամանակ շատ աղոտ պատկերացումներ ունեի մասնագիտությանս վերաբերյալ, մանավանդ, որ բավականին տարածված են սխալ պատկերացումները մասնագիտանալուց հետո աշխատանք գտնելու և հետագա հնարավոր հաջողությունների վերաբերյալ, ինչն էլ շատերին հետ է պահում բնագիտության, հատկապես քիմիայի ոլորտում ուսում ստանալուց։ Սակայն ցանկանում եմ փաստել, որ ինչպես բնագիտական մյուս ոլորտներում, այնպես էլ քիմիայի բնագավառում մասնագիտական աճի հնարավորություններն ուղղակի հսկայական են։ Եվ ընդհանրապես, ցանկացած մասնագիտություն էլ հեռանկարային է, եթե դու լավ մասնագետ ես։
Նմանվել բնությանը և լինել նրա պես ստեղծարար…
Ի՞նչ է քիմիան։ Շատ դժվար է հստակ և որոշակի սահմանում տալը, սակայն եթե փորձենք կարճ ասել, ապա քիմիան բնությանը նմանվելու և նրա պես ստեղծարար լինելու փորձ է ։ Վերջին տարիներին քիմիան մեծ փոփոխությունների է ենթարկվել. փոխվել են հիմնարար շատ պատկերացումներ, սակայն այն պահել է իր առանձնահատկություններից գլխավորը՝ հետազոտություններ կատարելու համար բազմաթիվ թեմաների առկայությունը։
Հանրապետության լավագույն ուսանողի կոչումը պարտավորեցնող է:
Հանրապետության լավագույն ուսանող ճանաչվելն անշուշտ մեծ պատիվ է ինձ համար և խթան՝ մասնագիտական հետագա աճի և ավելի բարձր նշաձող սահմանելու համար։
ԵՊՀ-ն Հայաստանի լավագույն բուհերից մեկն է, սակայն կան մի շարք խնդիրներ, որոնց պետք է լուծում տալ։
Առաջինը, որ կցանկանայի նշել, շատ ուսանողների և դասախոսների անտարբերությունն է ուսումնական գործընթացի նկատմամբ: Դրա պատճառով էլ շրջանավարտների մի մասի մասնագիտական հմտություններն այնքան էլ բարձր մակարդակի չեն լինում։
Կնշեմ նաև, որ միջֆակուլտետային կապերի զարգացման գործում դեռևս մեծ աշխատանք պետք է տարվի: Բացի դրանից՝ պետք է ավելի շատ ուշադրություն դարձվի ուսանողներին գիտահետազոտական խմբերում ներգրավելուն, նրանց՝ գիտությանը մոտեցնելուն, քանի որ զգալի մասը չգիտի կամ չի պատկերացնում՝ ինչ է նշանակում զբաղվել գիտությամբ, ինչն էլ հանգեցնում է գիտնականի և հետազոտողի աշխատանքի նկատմամբ թյուր կարծիքների ձևավորմանն ու տարածմանը։
Ապագայի վերաբերյալ աշխատում եմ շատ մեծ ծրագրեր չկազմել…
Այդ պատճառով կնշեմ միայն լավ մասնագետ դառնալու և ԵՊՀ-ին, ֆակուլտետին, ոլորտին ու պետությանը հնարավորինս օգտակար մարդ և մասնագետ լինելու ցանկությունս։