- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏԻՎ Է»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՄԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հունիս 21, 2022 | 11:41
Կրթություն
Ուսանողական
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏԻՎ Է»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՄԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտ Մերի Հարությունյանի հետ զրուցել ենք համալսարանական վեց տարիների, մասնագիտական կարողությունների և հմտությունների ձեռքբերման, թարգմանչի աշխատանքի առանձնահատկությունների և այլ հարցերի շուրջ։
Պատմում է ինքը՝ Մերին։
Մասնագիտության ընտրության հարցում ծնողներս են ուղղորդել։
Վաղ տարիքում ցանկանում էի դառնալ տնտեսագետ, սակայն ծնողներիս ուղղորդմամբ ընտրեցի թարգմանչի մասնագիտությունը և երջանիկ եմ, որ շուրջ երեք տարի աշխատում եմ իմ մասնագիտությամբ։Ապագայում կդիմեմ ասպիրանտուրա. ցանկանում եմ դասախոսել համալսարանում։
ԵՊՀ-ն տալիս է նաև ոչ ֆորմալ կրթություն։
Համալսարանում ոչ միայն ստանում ես մասնագիտական խոր գիտելիքներ, այլև զարգանում տարբեր ուղղություններով: Ֆակուլտետում հաճախ կազմակերպվող սեմինար-քննարկումները, միջոցառումները, զարգացնող ծրագրերը նպաստում են անհատի համակողմանի զարգացմանը: Այս հարցում միանշանակ կարևոր է նաև ուսանողական կառույցների դերը։
ԵՊՀ-ն ընձեռում է լայն հնարավորություններ։
ԵՊՀ-ն հնարավորություն է տալիս կատարելու մասնագիտական կամավորական աշխատանքներ, օրինակ՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովներին, Եվրասիական տնտեսական համագործակցության համաժողովներին և այլն, որոնց ընթացքում հնարավորություն եմ ունեցել շատ թարգմանություններ կատարելու՝ այդկերպ զարգացնելով գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններս:
Համալսարանի ուսանող լինելն արդեն իսկ պատիվ է:
Միայն այն, որ դու ամեն օր լինում ես մի միջավայրում, որը բարձր արժեքների կրող է, արդեն իսկ պարտավորեցնող է: Համալսարանական տարիների ընթացքում ձեռք եմ բերել այնպիսի ընկերներ և շփվել եմ այնպիսի դասախոսների հետ, որոնցից կարելի է անընդհատ նոր բան սովորել: Մեր դասախոսները ջանում են, որ յուրաքանչյուր ուսանող հասնի իր նպատակներին:
Շատերն ասում են՝ եթե լեզու գիտես, կարող ես թարգմանություն անել, սակայն սովորելով մեր ֆակուլտետում՝ հասկանում ես, որ դա այդքան էլ այդպես չէ:
Հնարավոր է՝ մարդը փայլուն տիրապետի լեզվին, բայց զարգացած չլինի նրա՝ զուգահեռ մտածելու ունակությունը: Բանավոր թարգմանության ընթացքում դու պետք է լսես, մտածես, վերծանես, ապա խոսես՝ միաժամանակ լսելով արտահայտվող հաջորդ նախադասությունը: ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը սովորեցնում է թարգմանչի աշխատանքի կարևորագույն հմտությունները և նպաստում քո՝ որպես լավ մասնագետի կայացմանը:
Մարինե Մկրտչյան