Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հրավերով ԵՊՀ այցելեց գերմանացի մեդիափորձագետ, լրագրող Այկե Քրիստիան Պետերինգը և «Արցախի մասին պատկերացումներն արևմտյան լրատվամիջոցներում» խորագրով դասախոսություն կարդաց՝ ներկայացնելով թեմայի շուրջ կատարած իր ուսումնասիրության արդյունքները:
2015 թվականից մեդիահետազոտողը ուսումնասիրել և պարբերաբար հրապարակումներ է կատարել Արցախի և արցախյան հիմնախնդրի վերաբերյալ՝ անդրադառնալով հակամարտության պատմական հիմքերին: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին, շեշտելով թեմայի արդիականությունը, նշեց, որ արևմտյան լրատվամիջոցներում Արցախի հիմնախնդրի արծարծումը, հասարակական իրազեկվածությունն ու ընկալումները խիստ կարևոր դերակատարում ունեն որոշումներ կայացնելիս, քանի որ մեդիադաշտը եղել և մնում է հզոր ու ազդեցիկ ուժ:
«Խիստ կարևոր է այս հարցի ճիշտ և գրագետ լուսաբանումը, քանի որ պատերազմական իրավիճակներում հակամարտող պետությունները մշտապես գործադրում են ազդեցության բոլոր միջոցները, այդ թվում՝ տեղեկատվական մանիպուլյացիան: Հետևաբար խնդրի մասին բարձրաձայնելը միշտ արդիական է, իսկ դրա մասին ազդեցիկ երկրների պատկերացումները արժանի են ուշադրության կենտրոնում լինելու»,- ասաց պրոֆեսորը:
Հայոց ցեղասպանության մասին պատմող Այկե Քրիստիան Պետերինգի «Մոռացված ցեղասպանությունը» վերտառությամբ վավերագրական ֆիլմը 2015 թ․ հեռարձակվել է գերմանական առաջատար «ZDF» հեռուստաընկերության եթերով, որից հետո ՀՀ-ում կատարվող կարևոր իրադարձությունները և դրանց նկատմամբ եվրոպական մամուլի արձագանքները հայտնվել են մեդիահետազոտողի ուշադրության առանցքում:
Կարևորելով ԵՊՀ-ում դասախոսություն կարդալու հնարավորությունը՝ Ա.Ք. Պետերինգը նշեց, որ այն լավ փորձառություն է. «Հայաստանի առաջատար բուհերից մեկում դասախոսելը, իսկապես, հիանալի հնարավորություն է: Կարևորում եմ ապագա որոշում կայացնողների, այս դեպքում՝ գիտակ ուսանողների և նրանց ավագ սերնդի՝ դասախոսների հետ պատշաճ հաղորդակցումը»,- ասաց լրագրողը:
Նշենք, որ դասախոսությանը ներկա էին ուսանողներ, ասպիրանտներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ անձինք: