ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հրավերով ս.թ. մայիսի 6-ին Պալեանների անվան դահլիճում կայացավ հոգեբան, ցեղասպանությունների կանխարգելման թեմայի հետազոտող Անի Գալայճեանի դասախոսությունը՝ «Հետտրավմատիկ բուժում և աճ. միջգիտակարգային մոտեցումներ» թեմայով:
Դասախոսությանը բացման խոսքով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը։ Նա ներկայացրեց բանախոս Անի Գալայճեանին և կարևորեց դասախոսության թեմայի արդիականությունը:
Խոսելով ցեղասպանությունների կանխարգելման թեմայի մասին՝ բանախոս Անի Գալայճեանն ընդգծեց, որ այս խնդրի առանցքում են սերնդեսերունդ փոխանցվող տրավմայի վերափոխման և հետտրավմատիկ իրավիճակի անընդհատ աճը: Դոկտոր Գալայճեանը խոսեց թուրքական ժխտողականության՝ իր անձնական փորձառությունների, ինչպես նաև երկխոսության կազմակերպման փորձերի մասին: Դասախոսության շրջանակում ներկայացվեցին տրավմաների տարբեր տեսակները և դրանց հաղթահարման միջոցները: Ի թիվս այլ հարցերի` դոկտոր Գալայճեանը ներկայացրեց նաև «հորիզոնական բռնության» պատճառները, ընթացքը և դրանից ազատվելու միջոցները, ինչպես, օրինակ, «7-քայլանի ինտեգրատիվ բուժման» մոդելը:
Դասախոսության շրջանակում արծարծված թեմաների բարձրաձայնումն արժևորեց հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, Փորձարարական հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Հրանտ Ավանեսյանը։ Նա մասնավորապես ընդգծեց այս բարդ թեման բազմակողմանի և հանգամանալից ներկայացնելու, ինչպես նաև հետտրավմատիկ իրավիճակների հաղթահարման հարցում բանախոսի փորձառությանը ծանոթանալուկարևորությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀԻ հետ գործակցային նոր կապեր հաստատելու վերաբերյալ:
Դասախոսությանը ներկա էին ՀՀԻ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։