Ս.թ. հուլիսի 10-ին տեղի ունեցավ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի 2023-2024 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման կազմակերպիչ, Ֆարմացիայի ինստիտուտի դասախոս-փորձագետ Անի Չախոյանը, շնորհավորելով դեղագետներին դիպլոմների ստացման կապակցությամբ, մաղթեց նրանց՝ լավագույնս ծառայեցնել ստացած գիտելիքները՝ է՛լ ավելի զարգացնելով դեղագիտությունը Հայաստանում։
«Ֆարմացիա» բակալավրի կրթական ծրագրի (առկա) շրջանավարտներին դիպլոմները հանձնեց ՀՀ ԳԱԱ նախագահ, Ֆարմացիայի ինստիտուտի հիմնադիր Աշոտ Սաղյանը։ Շնորհավորելով շրջանավարտներին՝ նա կարևորեց այն փաստը, որ ՀՀ դեղագործության ոլորտում այժմ գերակշռում են Ֆարմացիայի ինստիտուտի դեղագետ-շրջանավարտները, որոնք դեղագործական ակտիվ գործունեություն են ծավալում՝ փաստելով իրենց մասնագիտական կյանքում ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի մեծ դերի մասին։
«Դեղագործական քիմիա» բակալավրի կրթական ծրագրի (հեռակա) շրջանավարտներին դիպլոմները հանձնեց Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի դոցենտ Սամվել Վարդապետյանը։
«Ֆարմացիա» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներին դիպլոմները հանձնեց Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ Անահիտ Հովհաննիսյանը։ Նա շեշտեց այն կարևոր փաստը, որ գերմանական ASIIN միջազգային գործակալությունը հավատարմագրել է «Ֆարմացիա» բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերը, և համապատասխանաբար դիպլոմների միջուկներում ավելացվել է հավատարմագրման դրոշմը:
«Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներին դիպլոմները հանձնեց Արփինե Գեոլչանյանը։
Միջոցառմանը ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան դասախոսները՝ հաջողություն մաղթելով շրջանավարտներին մասնագիտական հետագա կյանքում։
Շնորհակալական խոսքերով հանդես եկան «Ֆարմացիա» բակալավրի կրթական ծրագրի (առկա) շրջանավարտներից Հեղինե Օհանջանյանն ու Մարիամ Զաքարյանը։
«Ֆարմացիա» բակալավրի կրթական ծրագրի (առկա) շրջանավարտներից մի քանիսին հանձնվեցին նաև «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» և «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսներին մասնակցելու, ինստիտուտի տաղավարը ներկայացնելու համար հավաստագրերը։
Դիպլոմները հանձնելուց հետո տեղի ունեցավ մագիստրոսների համար կազմակերպված դեղագետի երդման արարողությունը։ Բացի դրանից, ԵՊՀ շրջանավարտների համայնքի ստեղծմամբ պայմանավորված, մագիստրատուրայի շրջանավարտները, թերթիկների վրա գրելով իրենց նպատակները, գցեցին դրանք «Հուշերով լի գինի» շշի մեջ, որը նախատեսվում է բացվել 10 տարի անց և մեկ հարկի տակ հավաքել այս տարվա շրջանավարտներին։
Սիրելի՛ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք դիպլոմների ստացման կապակցությամբ։ Դո՛ւք եք մեր խոստումնալից ապագան կերտողները, և թող ձեր մասնագիտական ուղին լինի արդյունավետ և արգասաբեր: