Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
2010 թ. ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը մշակեց, իսկ 2011/2012 ուսումնական տարվանից ներդրեց «Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն» մագիստրոսական ծրագիրը։
Սոցիալական քաղաքականությունը սոցիալական հիմնախնդիրների կարգավորման ռազմավարություն է, որն ուղղված է հասարակության բոլոր անդամների անվտանգության, կրթության, առողջապահության, զբաղվածության և բարեկեցության ապահովմանը: Սոցիալական քաղաքականությունն է պայմանավորում, թե ինչպես են պետություններն ու հասարակությունները արձագանքում սոցիալական, ժողովրդագրական և տնտեսական փոփոխություններին, ինչպես նաև աղքատության, միգրացիայի և գլոբալացման մարտահրավերներին: Սոցիալական քաղաքականությունը սահմանում է քաղաքացիներին (մանկությունից մինչև ծերություն) սոցիալական ծառայությունների և աջակցության տրամադրման ռազմավարությունը:
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ) հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է սովորեցնել ուսանողներին վերլուծել և համակարգել սոցիալական քաղաքականության ընդհանուր և առանձին ոլորտի գործընթացները, որոշումներ կայացնել և կատարել կանխատեսումներ սոցիալական քաղաքականության կոնկրետ ճյուղերի վերաբերյալ, մշակել սոցիալական ծրագրեր ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում, մշակել սոցիալական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգեր և մեթոդաբանություն, ներդնել սոցիալական քաղաքականության իրականացման նորարարական տեխնոլոգիաներ` սոցիալական ծառայություններում արդյունավետ սոցիալական աշխատանք ապահովելու նպատակով, կազմակերպել, ուղղորդել, կառավարել սոցիալական ծառայությունների ստեղծումը և արդյունավետ կիրառումը:
Առավելությունները
Ծրագրի ավարտին շրջանավարտը կունենա գիտելիքներ սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության կապի մասին, սոցիալական քաղաքականության տարբեր ոլորտների, դրանցում իրականացվող ծրագրերի մասին, կունենա նախագծման, ծառայությունների կառուցման, պլանավորման, կառավարման հմտություններ, ինչպես նաև հետազոտական հմտություններ:
«Սոցիալական քաղաքականություն և սոցիալական վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում դասավանդվող առարկաների շնորհիվ ուսանողները ձեռք են բերում գիտելիք և հմտություններ սոցիալական քաղաքականության մշակման, ներդրման և վերլուծության, ինչպես նաև սոցիալական ոլորտի կազմակերպությունների կառավարման ուղղությամբ։
Կարիերայի հնարավորությունները
«Սոցիալական քաղաքականություն և սոցիալական վարչարարություն» մագիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու ՀՀ տարբեր գերատեսչություններում և ՊՈԱԿ-ներում, ինչպես նաև համայնքային կառույցներում ու տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններում։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտուրայում, ինչպես նաև հարակից այլ ծրագրերում:
Կոնտակտներ
Image
Կրթական ծրագրի ղեկավար՝ Յուլիանա Մելքումյան
(+374 91) 418 771
yulianamelkumyan@ysu.am