ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2008 թ.՝ ԵՊՀ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա, ապա 2010 - 2021 թթ. իր գործունեությունը ծավալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեի գիտական ծրագրերի շրջանակում: Ներկայում այն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կազմակերպակառուցվածքային ստորաբաժանում է, որը Հարավային Կովկասի տարածաշրջանում էկոլոգիական իրավունքի ոլորտում հետազոտություն իրականացնող եզակի գիտական կառույցներից է:
Կենտրոնի նպատակներն են.
- ընդլայնել Իրավագիտության ֆակուլտետի հնարավորությունները էկոլոգիական օրենսդրության արդյունավետության բարձրացմանն աջակցելու գործում,
- անցկացնել բնապահպանական ոլորտի իրավական ակտերի փորձաքննություն, աշխատանքային հանդիպումներ և իրավական ակտերի հանրային լսումներ` ներգրավելով պետական մարմիններին, ԵՊՀ ու այլ բուհերի մասնագետներին, ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներին,
- նպաստել Հայաստանում «Տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ-ի ԵՏՀ Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրականացմանը,
- աջակցել ազգային էկոլոգիական քաղաքականության մշակմանը,
- իրականացնել էկոլոգիական իրավունքի դասընթացներ պետական մարմինների աշխատակիցների, ԶԼՄ-ների, ՀԿ-ների, տնտեսվարող սուբյեկտների և հասարակության այլ շահագրգիռ խմբերի համար,
- կենտրոնի տնօրինության տակ գտնվող հարուստ գրադարանի նյութերով ու մասնագիտական գրականությամբ օժանդակել ուսանողների և ասպիրանտների գիտական ուսումնասիրություններին,
- կազմակերպել կլոր սեղան-քննարկումներ, գիտաժողովներ, բաց դասախոսություններ ոլորտի մասնագետների, փորձագետների, համապատասխան պետական կառույցների աշխատակիցների մասնակցությամբ:
Նշված նպատակների իրագործման համար Կենտրոնը համագործակցում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա առաջատար ուսումնական հաստատությունների, միջազգային կառույցների և ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների հետ:
Սույն թվականի մարտից ԵՊՀ-ի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջև կնքված հուշագրի համաձայն՝ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը՝ որպես խորհրդակցական մարմին, ներգրավվել է Օրհուսի կոնվենցիայի համապաատասխանեցման գործողությունների պլանի մշակման և իրականացման գործընթացում:
Իր գործունեության ընթացքում Կենտրոնը թե՛ միջազգային դոնոր կազմակերպությունների, թե՛ ՀՀ ներպետական աղբյուրների ֆինանսավորմամբ հաջողությամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության, անտառների օգտագործման և պահպանության, էկոլոգիական տեղեկատվության իրավունքի իրականացման, և ոլորտի այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ:
Կենտրոնում բազմիցս կազմակերպվել և կազմակերպվում են իրավական ակտերի հանրային լսումներ: Կենտրոնի մասնագետները աշխատանքային հանդիպումներ են ունեցել բնապահպանական ոլորտի իրավական ակտերի նախագծերի հեղինակների հետ և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացրել իրենց դիտողություններն ու առաջարկները:
Կենտրոնի կողմից հրատարակվել է «Հայաստանի Հանրապետության էկոլոգիական իրավունք» նորմատիվ-իրավական ակտերի ժողովածուն, որը ՀՀ-ում ոլորտի իրավական կարգավորման շրջանակն ընդգրկող միակ համակարգված աղբյուրն է:
Իր առջև դրված նպատակների իրականացման համար տարբեր նախարարությունների, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում ավելի քան մեկ տասնյակ դասընթացներ են անցկացվել քաղաքացիական ծառայողների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և դատավորների համար:
Կենտրոնի և Քաղաքացիական դատավարության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ մշակվել է «Բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության իրավական կարգավորումը» հատուկ դասընթացը, որը դասավանդվում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, «ՀՀ հողային կադաստրի իրավունք և իրավական կարգավորում» դասընթացը, որը դասավանդվում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատում: Ելնելով վերջիններիս մասնագիտական ուղղվածության պահանջներից՝ ներկայում աշխատանքներ են տարվում ԵՊՀ այլ ֆակուլտետներում ևս հատուկ դասընթացների առարկայական ծրագրերի մշակման և ներդրման ուղղությամբ:
Արդյունավետ համագործակցություն է սկսվել Նորվեգիայի Ֆրիտյոֆ Նանսենի անվան ինստիտուտի, Ամստերդամի և Բրյուսելի, Ժնևի համալսարանների հետ, որոնց պրոֆեսորները էկոլոգիական իրավունքի մի շարք արդիական թեմաներով Կենտրոնում հանդես են եկել բաց դասախոսություններով: Ներկայում քայլեր են ձեռնարկվում միջազգային համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ:
Կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվում են ներբուհական և միջբուհական գիտաժողովներ էկոլոգիական իրավունքի արդիական թեմաներով: Հասարակայնության և հատկապես ուսանողության իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով Կենտրոնում պարբերաբար ցուցադրվում են բնապահպանական ֆիլմեր և անցկացվում քննարկումներ:
ԵՊՀ և այլ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև ասպիրանտներն իրենց ուսումնառության և աշխատանքների շրջանակում Կենտրոնում իրականացնում են գիտական հետազոտությունները` օգտվելով գրադարանից, ֆիլմադարանից և նորմատիվ-իրավական ակտերից:
2008 - 2021 թթ. Կենտրոնը ղեկավարել է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի պրոֆեսոր, ի.գ.թ, ոլորտի ճանաչված իրավաբան Աիդա Բագրատի Իսկոյանը: 2022 թ. փետրվարից կենտրոնը վերանվանվել է Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն։
Կենտրոնի ղեկավար՝
իրավ. գիտ. թեկնածու,
ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ
Հեռ.՝ (+374 60) 710 237, 12-37 (ներքին)
Էլհասցե՝ elrc@ysu.am