Մեկնարկեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների ամենամյա գիտական նստաշրջանը, որի ժամանակ ամփոփվեցին և քննարկվեցին նրանց գիտական աշխատանքների արդյունքները:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-02/phd.jpg?itok=PzRBhwYu)
ԵՊՀ դատական նիստերի դահլիճում մեկնարկած ամենամյա 22-րդ գիտական նստաշրջանին ֆակուլտետի ասպիրանտներն ու հայցորդները մասնագիտական հանրույթին ներկայացրին իրենց ատենախոսության մաս կազմող որևէ թեմայի վերաբերյալ կատարած հետազոտությունները։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-02/1_206.jpg?itok=27HcTQgW)
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացված զեկուցումներից լավագույնները հոդվածների տեսքով, ամբիոնների պատասխանատվությամբ ու երաշխավորությամբ, կհրատարակվեն ֆակուլտետի «Պետություն և իրավունք» հանդեսի առանձին ժողովածուում, որը ներառված է ԲՈԿ-ի գիտական պարբերականների ցանկում և հասանելի է գիտական լայն հանրույթին: Դեկանը հավելեց, որ սա ևս ավանդույթ է, որն ինչ-որ առումով շահագրգռում է ասպիրանտ-հայցորդներին՝ գիտական հետազոտություններ կատարելու:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-02/_756.jpg?itok=Ee4jQrPI)
Գիտաժողովն անցկացվեց երեք բաժանմունքներում. առաջին բաժանմունքում զեկուցումներ ներկայացրին ԵՊՀ քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնների ասպիրանտներն ու հայցորդները: Նիստի երկրորդ բաժանմունքում զեկուցումներ ներկայացրին պետության և իրավունքի տեսության ու պատմության, սահմանադրական իրավունքի, եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնների, իսկ երրորդ բաժանմունքում՝ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի, քրեական իրավունքի ամբիոնների ասպիրանտներն ու հայցորդները: Գիտաժողովին մասնակցում են ֆակուլտետի 56 ասպիրանտներից և հայցորդներից 50-ը:
Տեղեկացնենք, որ օրերս կմեկնարկի նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի տարեկան գիտական նստաշրջանը: