Նոյեմբերի 10-ից 12-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի ջանքերով Աղվերանում տեղի ունեցավ «Փախստականների իրավունք» խորագրով աշնանային դպրոցը։
Աշնանային դպրոցի հիմնական նպատակն էր խթանել ուսումնական հաստատություններում փախստականների միջազգային և ներպետական իրավական պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության և գիտելիքների բարձրացումը, նշված ոլորտում կլինիկական կրթության զարգացումն ու հանրապետության տարբեր բուհերի իրավաբանական կլինիկաների միջև համագործակցության ընդլայնումը։
Արդեն 12-րդ տարին անցկացվող դպրոցը հնարավորություն է ստեղծում փախստականների իրավունքներով և միջազգային պաշտպանությամբ հետաքրքրված ապագա իրավաբաններին ծանոթանալու փախստականի կարգավիճակի առանձնահատկություններին, ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումներին և բոլոր այն ընթացակարգերին, որոնցով անցնում է անձը մինչև փախստական դառնալը և դրանից հետո։
Մասնակիցները 22 ուսանողներ էին, որոնք ներկայացնում էին Երևանի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Գյումրու «Պրոգրես» համալսարանը և Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկան։
Դպրոցի շրջանակում մանրամասն քննարկման առարկա դարձան փախստականի հասկացության, ապաստան հայցելու ընթացակարգի, փախստականի կարգավիճակի ներառման, բացառման հիմքերի, միջազգային պաշտպանության ավարտի, փախստականների սոցիալ-տնտեսական իրավունքների, ապօրինի սահմանահատման համար ապաստան հայցողների պատասխանատվությունը բացառելու և թեմային առնչվող հիմնարար այլ դրույթների վերաբերյալ հարցեր:
Դասախոսությամբ հանդես եկան միջազգային կառույցների (ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակ), ներպետական մարմինների (ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն), հասարակական կազմակերպությունների («Առաքելություն Հայաստան» ՀԿ) ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն, ի.գ.թ. Ք. Վարդանյանը:
Մասնակիցները տեղեկացան նաև ԵՊՀ-ի, Հյուսիսային համալսարանի, Գավառի և Գյումրու համալսարանների իրավաբանական կլինիկաների ուսանողների կողմից՝ ավագ դպրոցների սովորողների համար իրականացվող «Իրավունք բոլորի համար» ծրագրի մանրամասներին և իրազեկվեցին իրավաբանական կլինիկաների գործունեության մասին:
Եռօրյա դպրոցի բացմանը արարողությանը ողջույնի խոսք ասացին ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Գաննա Կոպցիուխը և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի փոխնախագահ Ալլա Հարությունյանը:
ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Գ. Կոպցիուխը ողջունեց դպրոցի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ ու հետաքրքիր քննարկումներ: Գ. Կոպցիուխը նշեց, որ Հայաստան է եկել պատերազմական ու արտակարգ իրավիճակներում հայտնված մի շարք երկրներում առաքելությունն ավարտելուց հետո, որտեղ ևս մեծ է եղել տեղահանության և փախստականության հիմնախնդիրը: Նա հույս հայտնեց, որ գիտելիքները, որոնք ուսանողները ձեռք են բերում դպրոցի շրջանակում, օգտակար կլինեն իրենց մասնագիտական հետագա գործունեության մեջ և կնպաստեն փախստականների իրավունքներով զբաղվող մասնագիտական համայնքի ձևավորմանը:
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի փոխնախագահ Ա. Հարությունյանը, ողջունելով մասնակիցներին և կարևորելով նման միջոցառումների դերը պրակտիկ ու հմուտ մասնագետների ձևավորման հարցում, հատկապես շեշտեց, որ դպրոցի շրջանավարտները տարբեր տարիների աշխատել են իրենց կազմակերպությունում, նաև ՀՀ միգրացիոն ծառայությունում, ինչը վկայում է այն մասին, որ դպրոցը հասել է իր նպատակներին, և իրենք հետագայում էլ կձգտեն անել ավելին, որպեսզի ոլորտով զբաղվելու ցանկություն ունեցող իրավաբանների թիվն ավելանա:
Դպրոցի շրջանակում նաև տեղի է ունեցել հանդիպում Կոնգոյից Հայաստան տեղահանված փախստականի հետ, որը պատմեց Կոնգոյում և Հայաստանում իր կյանքի մասին, անդրադարձավ տեղահանման մարտահրավերներին ու դժվարություններին, ինչպես նաև խոսեց Հայաստանում իր նոր կյանքի և հնարավորությունների մասին։
Փախստականների իրավունքի դպրոցը եզրափակվեց հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում վկայականներ հանձնվեցին դպրոցի մասնակիցներին՝ այդ թվում Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 7 ուսանողների՝ Անահիտ Ալոյանին, Մանե Գևորգյանին, Ժաննա Երանոսյանին, Իսկուհի Զաքարյանին, Կլարա Հովհաննիսյանին, Հայարփի Մկրտչյանին, Մերի Վանունուն։