Վիլլեմ Ս. Վիս դատախաղ-մրցույթը համարվում է միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր և ճանաչված ուսանողական մրցույթը, որի նպատակն է ուսանողների շրջանում խթանել միջազգային առևտրային իրավունքի և արբիտրաժի ուսումնասիրությունը: Մրցութի ընթացքում հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ընդլայնելու գիտելիքները նշված ոլորտներում, այլև ծանոթանալու ակադեմիական ոլորտի հեղինակությունների, հայտնի միջազգային կազմակերպությունների իրավաբանների հետ:
Հատկանշական է, որ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի թիմերը տարիներ շարունակ մասնակցում են այս մրցույթին. այս տարին ևս բացառություն չէր:
Այսպես. ս. թ. փետրվարի 22-26-ին Թբիլիսիում 12-րդ անգամ տեղի ունեցավ ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) աջակցությամբ կազմակերպված Վիլլեմ Ս. Վիս դատախաղի կիսաեզրափակիչ դատախաղ-մրցույթը, որին մասնակցում էին ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային համալսարանների մի շարք թիմեր: Հայաստանից մասնակցում էին Երևանի պետական, Հայաստանում ֆրանսիական և Հայաստանում ամերիկյան համալսարանների թիմերը:
Հայաստանը ներկայացնող համալսարանների շարքում Երևանի պետական համալսարանը զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը և ցուցաբերած նման արդյունքի շնորհիվ արժանացել Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) հովանավորությանը մարտի 31-ից ապրիլի 7-ը Վիեննայում կայանալիք Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ դատախաղ-մրցույթին մասնակցելու համար, որին գրանցվել է ավելի քան 350 թիմ աշխարհի տարբեր բուհերից:
Թիմի մարզիչներն են ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Դավիթ Ղարիբյանը և քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ Մերի Խաչատրյանը:
Թիմի անդամներն են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի ուսանողներ Թամարա Ղազարյանը, Յուրիկ Յոլյանը, Լիանա Սերոպյանը և մագիստրանտ Մարիամ Նիկոյանը: