Ս.թ. դեկտեմբերի 20-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսումնական դատական նիստերի դահլիճում ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսումնական դատախաղ՝ բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ:
Ուսումնական դատական նիստը վերաբերում էր ձերբակալման իրավաչափության վիճարկմանը: Նիստը նախագահում էր ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Սերգեյ Մարաբյանը:
Ուսումնական դատական նիստի ընթացքում մեղադրյալների և պաշտպանների դատավարական կարգավիճակում դատական նիստին մասնակցող ուսանողները բարձրացված հարցադրումներով և ներկայացված իրավական դիրքորոշումներով ակտիվորեն հերքում էին անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման իրավաչափությունը, իսկ քննիչի, դատախազի պաշտոններում հանդես եկող ուսանողները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց փաստարկները ձերբակալման իրավասության և անհրաժեշտության վերաբերյալ՝ ներկայացնելով նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի դիրքորոշումները, գործնական մոտեցումները:
Շնորհիվ դատական նիստը նախագահող դատավոր Սերգեյ Մարաբյանի՝ նիստն անցկացվեց քրեադատավարական օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ՝ հնարավորություն տալով դատական նիստերի դահլիճում գտնվող մյուս ուսանողներին ականատես լինելու «Քրեական դատավարություն» առարկայի շրջանակում դասախոսությունների և գործնական/սեմինար պարապմունքների ժամանակ օրենսդրական լուծումների վերաբերյալ ստացած գիտելիքների գործնական կիրառությանը:
Որոշումը հրապարակելուց հետո դատավոր Սերգեյ Մարաբյանը ուսանողների համար մանրամասն պարզաբանեց իր դիրքորոշումը դատական նիստի ժամանակ բարձրացված և քննարկված հարցերի շուրջ, ներկայացրեց իր նկատառումները կողմերից յուրաքանչյուրի ելույթի վերաբերյալ՝ գործնական խորհուրդներ տալով ուսանողներին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դատական նիստերի կազմակերպումն ուսումնական գործընթացի անբաժան մասն է կազմում։ Բացի ստացած տեսական գիտելիքներից՝ ուսանողներին անհրաժեշտ են նաև գործնական հմտություններ և դրանց կիրառության հնարավորություն։ Դատախաղերը դրանց ձեռքբերման լավագույն միջոցներից են։