ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի(IRZ) համատեղ նախաձեռնությամբ 2024 թ. հուլիսի 1-ին Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց քրեական իրավունքին և քրեական դատավարության արդի հիմնախնդիրներին նվիրված ՀՀ տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների ամառային դպրոցը՝ իրավական ոլորտում կրթության և վերապատրաստման հայկական համակարգի աջակցմանը և Հայաստանում երիտասարդ իրավաբան մասնագետների վերապատրաստմանն ու կրթությանն ուղղված:
Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հ. Խաչիկյանը, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի Հայաստանի ծրագրերի ղեկավար Տատիանա Բովկուն, Ամալիա Վուքերթը և Հայաստանում ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը:
Հիբրիդային ձևաչափով անցկացվող միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, Ֆրանսիական համալսարանի, Ամերիկյան համալսարանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ուսանողները: Քննարկման առանցքային թեմաներն էին՝ «Մեղքի հասկացությունը գերմանական քրեական իրավունքում, մեղքի որոշմանն ուղղված դատավարական պահանջները և միջոցները», «Օպերատիվ-հետախուզական գործունեության միջոցով ձեռք բերված արդյունքները որպես ապացույց կիրառելու վերաբերյալ հիմնահարցերը, համագործակցությունը գաղտնի գործունեություն իրականացնող մարմինների հետ և քրեաիրավական պատասխանատվության հիմնահարցերը»:
ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Աննա Մարգարյանը, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը և ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Գևորգ Բարսեղյանը ներկայացրին մեղքի ինստիտուտի և օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներն իբրև ապացույց կիրառելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը:
Դյուսբուրգի դատախազության ավագ դատախազ, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և իրավական օգնության բաժինների ղեկավար ի.գ.դ. Շտեֆան Թրունքը հանդես եկավ «Մեղքի հասկացությունը գերմանական քրեական իրավունքում» և «Մեղքի ճանաչմանն ուղղված դատավարական պահանջները և միջոցները» թեմաներով: Իսկ Հյուսիսային Հռենոսի Վեսթֆալի երկրամասի ոստիկանության ոստիկանապետ, ի.գ.դ. Անդրեաս Շտյուվեն հանդես եկավ «Համագործակցությունը գաղտնի գործունեություն իրականացնող մարմինների հետ և քրեաիրավական պատասխանատվությանը վերաբերող հիմնահարցերը» թեմայով:
Հանդիպումն անցավ ուսանողների հետ հետաքրքիր հարցադրումների և պատասխանների միջոցով:
Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ համագործակցությունը հետագայում էլ ավելի կամրապնդվի: