ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում հուլիսի 2-ին տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի․գ․թ․ Շ․ Ղուկասյանի և նույն ամբիոնի դասախոս, ի․գ․թ․ Ա․ Մութաֆյանի համահեղինակությամբ լույս ընծայված «Մասնավոր իրավունք. թեստային առաջադրանքներ» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը (գլխավոր խմբագիր՝ ի․գ․դ․, պրոֆեսոր Ա․ Հայկյանց, խմբագիր՝ ի․գ․թ․, դոցենտ Գ․ Բեքմեզյան)։
Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի, Նոտարական պալատի, Դատական դեպարտամենտի, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, ՀՀ արդարադատության նախարարության, փաստաբանական համայնքի ներկայացուցիչներ։
Շնորհանդեսի բացման արարողությունը մեկնարկեց ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, ի․գ․դ․, պրոֆեսոր Ա․ Հայկյանցի ելույթով։
Ա․ Հայկյանցը ներկայացրեց աշխատանքի կարևորությունը մասնավոր իրավունքի զարգացման բնագավառում՝ ընդգծելով, որ ձեռնարկում ամփոփված են քաղաքացիական իրավունքի առանցքային հիմնախնդիրներին վերաբերող առաջադրանքներ, իսկ ընտանեկան իրավունքի բնագավառում շեշտադրվել են գործնականում առավել խնդրահարույց ինստիտուտները։ Ա․ Հայկյանցն ընդգծեց ձեռնարկի կիրառման հնարավորությունը ինչպես ուսումնական գործընթացում, այնպես էլ իրավաբանական լայն համայնքում (փաստաբաններ, նոտարներ, դատավորներ)։
Շնորհանդեսին ելույթ ունեցավ նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի․գ․դ․, պրոֆեսոր Հ․ Խաչիկյանը՝ ընդգծելով նման աշխատանքների կարևորությունը ինչպես գիտական հանրության, այնպես էլ ընդհանուր առմամբ իրավաբանական համայնքի համար։
Միջոցառմանը ելույթ ունեցան նաև պրոֆեսոր Գ․ Ղազինյանը, դոցենտ Գ․ Բեքմեզյանը, դոցենտ Տ․ Սիմոնյանը, ինչպես նաև Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ա․ Հայրապետյանը, Նոտարական պալատի նախագահ Լ․ Մուրադյանը, նոտարական պալատի վարչության անդամ Լ. Հովսեփյանը և այլք։
Միջոցառմանը գրքի հեղինակները ներկայացրին վերջինիս ստեղծման նախապատմությունը՝ կարևորելով նաև այն, որ դրանում զետեղված շատ խնդիրներ օգտագործվել են նաև 2021 և 2022 թվականներին քաղաքացիական մասնագիտացման դատավորների որակավորման գրավոր քննության անցկացման գործընթացում։ Հաշվի առնելով իրավաբանական համայնքի դրական արձագանքը, քաղաքացիական իրավունքի ամբիոնում տեղի ունեցած քննարկման արդյունքները՝ որոշվել է ակտիվորեն աշխատել գրքի հրատարակման ուղղությամբ: Արդեն իսկ առկա է գիրքը մասնագիտական հանրությանը ներկայացնելու հնարավորությունը: Հեղինակները լիահույս են, որ այն իր դրական ազդեցությունն է ունենալու նաև գիտության զարգացման վրա։