Էրիկ Արթուրի Խաչատրյանը, 2022 թվականին ավարտելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, նույն տարում ընդունվել է մագիստրատուրա՝ «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրով․ միաժամանակ նա դիմել է նաև ԱՊՀ ցանցային համալսարան: Հաջողությամբ անցնելով ԱՊՀ ցանցային համալսարանի ընդունելության համար նախատեսված փուլերը՝ ընդունվել է Ռուսաստանի Դաշնության պատմականորեն առաջատար բուհերից մեկը՝ ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետ:
Ուսումնառության ընթացքում նրան հնարավորություն է ընձեռվել համակողմանիորեն ուսումնասիրելու տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների, մասնավորապես՝ ԵՄ և ԵԱՏՄ օրենսդրությունը: Գիտահետազոտական աշխատանքի կատարումից զատ՝ նա զեկույցներով է հանդես եկել ինտեգրացիոն միավորումների իրավունքի արդի հիմնախնդիրներին վերաբերող միջազգային և միջհամալսարանական տարաբնույթ կոնֆերանսներում և շփվել ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Է. Խաչատրյանը վստահաբար նշում է, որ այս ամենը հնարավոր է դարձել Երևանի պետական համալսարանում ձեռք բերած որակյալ մասնագիտական գիտելիքների շնորհիվ, որ ամբողջությամբ հաջողվել է իրացնել ԱՊՀ ցանցային համալսարանում՝ արժանանալով գերազանցության կարմիր դիպլոմի և՛ ԵՊՀ-ում, և՛ վերոնշյալ համալսարանում:
Վստահ ենք, որ նա, ավարտելով ուսումը, իր ստացած գիտելիքները կօգտագործի ի շահ պետության և հասարակության զարգացման՝ պահելով կապը հարազատ բուհի և ֆակուլտետի հետ։